44-օրյա պատերազմի գործով Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդությունը քննարկվում է․ Դատախազություն

44-օրյա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողներին քրեական գործով որպես տուժող ճանաչելու վերաբերյալ զոհված զինծառայողների մի շարք ծնողների, հարազատների ապրիլի 26-ին ներկայացրած միջնորդությունը բավարարվել է, հայտնում է Գլխավոր դատախազությունը։

«Նկատի ունենալով, որ Մովսես Հակոբյանի հարցազրույցի հիման վրա և Արա Զոհրաբյանի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործերով քննության առարկա են պատերազմից առաջ և դրա ընթացքում ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից հնարավոր կատարված այնպիսի արարքներ, որոնք բացասական նշանակություն են ունեցել զինված ուժերի մարտունակության հարցում և ազդել պատերազմի արդյունքի վրա, իսկ դատավարության մասնակից ճանաչելու վերաբերյալ ստացված պահանջի համաձայն՝ դրան կից ցուցակում նշված անձինք զոհվել են Արցախում տեղի ունեցած պատերազմի ընթացքում՝ քրեական վերոնշյալ գործով հսկողություն իրականացնող դատախազը գրավոր ցուցում է տվել վարույթն իրականացնող մարմնին (ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչին) զոհված զինծառայողներին ճանաչել տուժող, իսկ պահանջ ներկայացրած նրանց ծնողներին, հարազատներին՝ տուժողի իրավահաջորդ»,- ասված է հաղորդագրությունում։

Բացի այդ, ապրիլի 26-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է նաև առանձին պահանջ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ․ «Հսկող դատախազի կողմից այս միջնորդությունն ուղարկվել է վերը նշված նույն գործով վարույթն իրականացնող քննիչին՝ քննարկելու նպատակով»։

«Դատախազությունը բոլոր միջոցները գործադրելու է՝ մասնավորապես 2020-ի աղետալի պատերազմին առնչվող քրեական գործերով դատավարության բոլոր մասնակիցների, այդ թվում նաև տուժողների և տուժողների իրավահաջորդների դատավարական իրավունքների լիարժեք իրացումը երաշխավորելու նպատակով, ինչի շրջանակներում մշտապես բաց է արդյունավետ հաղորդակցության համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

Դատախազությունից նշում են նաև, որ քրեական գործերի քննությունը չի կարող կախված լինել հանրային գործընթացներից․ «Անթույլատրելի են իրավական դաշտից դուրս գտնվող ցանկացած գործոնով պայմանավորված՝ քննությունների ընթացի վրա ազդեցություն գործադրելու հրապարակային կոչերը: Դրանք չեն բխում իրավական պետության սահմանադրական հիմունքներից և քրեական արդարադատության շահերից»։

Մեկնաբանել