«Փորձում ենք թույլ չտալ միակողմանի գործողություններ, հատկապես Ադրբեջանի կողմից»․ Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ապրիլի 26-ին Կոնգրեսում դիվանագիտության վերաբերյալ հաշվետվությամբ հանդես գալով, խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի մասին։ Բլինքենը դատապարտել է Ադրբեջանի միակողմանի գործողությունները, որոնք լարվածություն են հրահրում։

«Ես շատ ակտիվ և ուղիղ շփումներ ունեմ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության հետ։ Վերջերս հեռախոսազրույցներ եմ ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Իլհամ Ալիևի հետ, ինչպես նաև նրանց արտաքին գործերի նախարարների հետ՝ փորձելով առաջ մղել ղարաբաղյան հակամարտության երկարատև քաղաքական կարգավորման գործընթացը։

Մշակել և առաջ ենք տանում վստահության կառուցման զանազան միջոցներ, փորձում ենք թույլ չտալ ցանկացած միակողմանի գործողություն, – հատկապես Ադրբեջանի կողմից, – որը կարող է լարվածություն հրահրել։ Բյուջեով նախատեսված մի շարք ծրագրեր ունենք, որոնք միտված են խաղաղության հաստատմանը։ Դա մեծ տեղ ունի իմ օրակարգում»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։

Սենատոր Ռոբերտ Մենենդեսը դիտարկում է արել ԱՄՆ-ի կողմից Հայաստանին ու Ադրբեջանին տրամադրվող բյուջեների միջև 1,4 մլն դոլարի տարբերության մասին և նկատել՝ «ակնհայտ է, թե ինչ են անում ադրբեջանցիները Լեռնային Ղարաբաղում, այդ թվում՝ փորձում են արմատախիլ անել այնտեղ ապրող հայերին»։

«Ինչպե՞ս է ստացվում, որ մտադիր ենք ավելի շատ գումար տրամադրել՝ խախտելով 907 բանաձևը [907-րդ բանաձևն ընդունվել է 1992թ.`որպես Ազատության աջակցության մասին օրենքի մաս, և սահմանափակում է ԱՄՆ-ից Ադրբեջանին տրամադրվող օգնությունը – խմբ․]»,- հարցադրում է արել Մենենդեսը՝ հավելելով, որ ինքը չի պատրաստվում աջակցել այդ գործընթացին և տեղյակ է պահում այդ մասին։

Արձագանքելով սենատորին՝ պետքարտուղարն ասել է, որ լրջորեն է վերաբերվում բարձրացված հարցերին և խոստանում է խորությամբ ուսումնասիրել դրանք։

Սենատոր Մենենդեսը դիտարկումներ է արել նաև թուրք իրավապաշտպան Օսման Քավալային ցմահ դատապարտելու և ԱՄՆ արձագանքի վերաբերյալ։

Մեջբերելով Պետքարտուղարության հայտարարության հատվածը՝ «մտահոգված և հիասթափված լինելու» մասին, սենատորը շեշտել է, թե սա է պատճառը, որ Էրդողանի նման ավտորիտար դեմքերը չեն պատժվում իրենց արարքների համար։

«Երբ մենք ասում ենք, որ մտահոգված ենք ու հիասթափված, դրանով չենք դադարեցնում այդ գործողությունները»,- հայտարարել է Մենենդեսը։