Հայաստանում անշարժ գույքի գործարքներն ավելացել են, վարձակալության գործարքները՝ նվազել

Հայասստանի անշարժ գույքի շուկայում գործարքներն այս տարվա առաջին եռամսյակում աճել են 6 տոկոսով։ Այդ մասին տեղեկանում ենք Կադաստրի կոմիտեի հրապարակած 2022-ի առաջին եռամսյակում շուկայի վերլուծությունից։

Անշարժ գույքի գործարքների թիվը կազմել է 42 939, ինչը վերջին 12 տարիների ամենամեծ ցուցանիշն է։ Անցյալ տարվա առաջին եռամսյակի համեմատ գործարքների թիվն աճել է 2 445-ով։ Գործարքների 33 տոկոսն իրականացվել է Երևանում, ամենաշատը եղել են օտարման գործարքներ։

Առքուվաճառքի գործարքները հանրապետությունում աճել են 9,5 տոկոսով, միայն Երևանում առքուվաճառքները աճել են 23 տոկոսով, իսկ Լոռիում, Շիրակում, Արագածոտնում, Վայոց Ձորում առքուվաճառքի գործարքները նվազել են։

Առքուվաճառքի ամենատարածված գույքի տեսակները եղել են բնակարաններն ու հողերը։ Կադաստրի կոմիտեի տվյալների համաձայն՝ Երևանում բնակարանների քառակուսի մետր միջինացված արժեքը շարունակում է աճել, մասնավորապես բնակարանի 1 քառակուսի մետրի արժեքը

Կենտրոնում աճել է 15 տոկոսով,

Արաբկիրում՝ 13 տոկոսով,

Քանաքեռ-Զեյթունում՝ 16 տոկոսով,

Էրեբունիում՝ 13 տոկոսով,

Շենգավիթում՝ 9,4 տոկոսով,

Դավթաշենում՝ 14,5 տոկոսով,

Աջափնյակում՝ 10,6 տոկոսով,

Մալաթիա-Սեբաստիայում՝ 13 տոկոսով,

Ավանում՝ 11,2 տոկոսով,

Նուբարաշենում՝ 10,3 տոկոսով

Նոր Նորքում՝ 6,6 տոկոսով

Անցյալ տարվա առաջին եռամսյակի համեմատ բնակարանների քառակուսի մետրի գինը Երևանում աճել է 12,4 տոկոսով։ Բնակարանների քառակուսի մետրի գինն էականորեն բարձրացել է նաև Գյումրիում ու Դիլիջանում՝ համապատասխանաբար 24 և 20 տոկոսով։

Ուշագրավ է, որ հանրապետությունում անշարժ գույքի վարձակալության ծավալները նվազել են՝ չնայած Ռուսաստանի քաղաքացիների մեծ հոսքին Հայաստան։ Անցյալ տարվա առաջին եռամսյակի համեմատ վարձակալության գործարքները նվազել են 12,7 տոկոսով, չնայած Երևանում վարձակալության գործարքները աճել են մոտ 14 տոկոսով։

Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև զինված հակամարտության հետևանքով Հայաստան ժամանած ռուսների, ուկրաինացիների կողմից վարձակալած բնակարանների քանակը որևէ կերպ չի արտացոլվել կադաստրի ցուցանիշներում, և վարձակալության գործարքների աճի դինամիկա չկա։ Սա, ըստ էության, պայմանավորված է այն հանգամանքով, որ վարձատուներն ու վարձակալները հիմնականում իրենց գործարքն իրավաբանորեն չեն գրանցում։

Օտարերկրյա քաղաքացիների կողմից Հայաստանում գնված անշարժ գույքի ծավալներն այս տարվա առաջին եռամսյակում ավելացել են մոտ 40 տոկոսով՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Օտարերկրացիների կողմից գնված 357 գույքերից 197-ը եղել է Երևանում։ Գործարքներ իրականացրած քաղաքացիների ճնշող մեծամասնությունը եղել են ՌԴ քաղաքացիներ։