Ալիևը Վրաստանի ԱԳ նախարարի հետ քննարկել է հարավկովկասյան եռակողմ համագործակցությունը

«Հետհակամարտային շրջափուլում Ադրբեջանի, Վրաստանի ու Հայաստանի միջև եռակողմ ձևաչափով փոխգործակցության համար լավ հնարավորություններ կան, և ադրբեջանական կողմը պատրաստ է դրան», ապրիլի 27-ին հայտարարել է Իլհամ Ալիևը՝ ընդունելով Վրաստանի ԱԳՆ նորանշանակ ղեկավար Իլիա Դարչիաշվիլիին:

Ալիևի պնդել է, թե Վրաստանը կիսում է այդ տեսակետը և հույս հայտնել, թե Հայաստանում նույնպես կհասկանան, որ դա միակ միջոցն է տարածաշրջանում կայունության և անվտանգության հասնելու ճանապարհին»:

Կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող թեմաները՝ նկատելով, որ այս տարի Ադրբեջանն ու Վրաստանը նշում են դիվանգիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը:

Բաքու կատարած այցի ընթացքում Վրաստանի ԱԳ նախարարին ընդունել է նաև ադրբեջանցի պաշտոնակից Ջեյհուն Բայրամովը:

Ապրիլի 15-ին Ալիևը ընդունել էր վրացական մեկ այլ բարձրաստիճան պատվիրակության՝ ի դեմս Վրաստանի էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլիի: Զրուցակիցները, անդրադառնալով երկկողմ ձևաչափի հաղորդակցային, տրանսպորտային, էներգետիկ հարցերին, պայմանավորվել են աշխատել երկկողմ ապրանքաշրջանառությունն ու առևտրի ծավալները մեծացնելու շուրջ: Հատուկ ուշադրություն է դարձվել Ադրբեջանի ու Վրաստանի երկաթուղիների միջև ավելի սերտ համագործակցությանն ու տարբեր նախագծերին, որոնցից մեկը Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի ծավալները ավելացնելու հարցն էր:

Մեկնաբանել