Ադրբեջանցի ակտիվիստին առևանգել են, նվաստացրել․ նա մեղադրում է ներքգործնախարարին

Բախտիյար Հաջիևը․ լուսանկարը՝ ֆեյսբուքից

Իսմի Աղաև, OC Media

Ադրբեջանցի հայտնի ակտիվիստ և նախկին քաղբանտարկյալ Բախտիյար Հաջիևն իր առևանգումը կազմակերպելու մեջ մեղադրել է Ադրբեջանի ներքին գործերի նախարարությանը՝ որպես զգուշացում զերծ մնալու նախարարին քննադատելուց։

Ապրիլի 23-ին Հաջիևը հայտնել է, որ անհայտ անձինք իրեն առևանգել են, ծեծել և նվաստացրել:

Ֆեյսբուքյան գրառմամբ Հաջիևն ասել է, որ իր վրա հարձակվել են փողոցում՝ ապրիլի 21-ի գիշերը տուն վերադառնալիս։

«Չորս դիմակավորված անձ բռնությամբ նստեցրին ինձ մեքենա և հարվածեցին գլխիս։ Ինձ խցկեցին սև պայուսակի մեջ և քշեցին անհայտ ուղղությամբ»,- ասել է նա։

Հաջիևը պատմել է, որ առևանգողներն իրեն կապել են, փակել աչքերը, և որոշ ժամանակ վարելուց հետո՝ փոխել մեքենաները։

Երբ առևանգողները հեռացրել են աչքակապը, նա հայտնվել է անծանոթ բնակարանի լոգարանում:

«Նրանք ինձնից պահանջում էին ընդունել, որ ինչ-որ մեկի ցուցումով քննադատական գրառումներ եմ կատարել ՆԳ նախարար Վիլայաթ Էյվազովի մասին։ Երբ ասացի, որ ոչ մեկից հրահանգ չեմ ստացել, նրանք հանեցին հագուստս և պահանջեցին, որ ես ջնջեմ Էյվազովի և Ֆուադ Մուրադովի [իշխանամետ ակտիվիստի] մասին իմ գրառումները»։

Հաջիևի խոսքով՝ առևանգողները միզել են իր վրա և տեսագրել go-pro տեսախցիկներով։

«[Նրանք] սպառնում էին բռնաբարել և սպանել ինձ, եթե շարունակեմ քննադատել նախարարին։ Դրանից հետո նրանք նորից կապեցին իմ աչքերը և տարան այլ տեղ»,- ասել է Հաջիևը։

Ակտիվիստն ասել է, որ այնուհետև իրեն թողել են մի հեռավոր տարածքում՝ կպչուն ժապավենով կապկպած և աչքերը փակած:

Ապրիլի 23-ին Ադրբեջանի ՆԳՆ խոսնակն ասել է, որ ակտիվիստին ընդունել է նախարար Վիլայաթ Էյվազովը, լսել միջադեպի մասին նրա պատմածը:

«Գեներալ-գնդապետ Վիլայաթ Էյվազովը լսել է նրան և հայտնել, որ համապատասխան հարցերը կհետաքննվեն»,- հավելել է խոսնակը։

Հաջիևը վստահ է, որ հարձակման հետևում Էյվազովն է։

«Նրանք ասացին, որ մոտ ապագայում հետաքննություն կանցկացնեն և արդյունքների մասին կհայտնեն։ Ես ասացի, որ կարծում եմ՝ ներքին գործերի նախարարությունը պատասխանատու է մինչ այժմ տեղի ունեցած բոլոր իրադարձությունների համար, նաև՝ վերջինի»,- ասել է Հաջիևը։

«Քանի դեռ մեղավորները չեն հայտնաբերվել ու պատժվել, նախարարությունը պատասխանատվություն է կրելու ինձ հետ ապագայում կատարվողի համար»։