Հայաստանի գնած զենքի տվյալները սխալ են ներկայացվում

Հովհաննես Նազարեթյան, #CivilNetCheck

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ապրիլի 26-ին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում վկայակոչել է SIPRI-ի՝ Ստոկհոլմի խաղաղության հետազոտության միջազգային ինստիտուտի հրապարակած տվյալները՝ անկախությունից ի վեր Հայաստանի ձեռք բերած սպառազինության ծավալների մասին․

«Ինչ է պարզվում, ուրեմն Ռոբերտ Քոչարյանի կառավարման տասը տարիների ընթացքում Հայաստանը ձեռք է բերել 121 մլն դոլարի զենք։ Նիկոլ Փաշինյանի կառավարման երեք տարիների ընթացքում Հայաստանը ձեռք է բերել 280 մլն դոլարի զենք։ Այսինքն՝ մեր կառավարությունը երեք տարում երկուսուկես անգամ ավելի շատ զենք է առել, քան Քոչարյանը տասը տարվա ընթացքում»։

Կոնջորյանը նշել է, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման տասնամյակում Հայաստանը ձեռք է բերել 247 մլն դոլարի զենք։

Ապրիլի 25-ին «Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքը հրապարակել էր վերոնշյալ թվերով գրաֆիկ, որը ևս մեծ տարածում էր ստացել համացանցում։ «Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն իրենց արբանյակներով պետք է պատասխանեն այս հարցին՝ հարգելի նախկին նախագահներ, ինչո՞ւ քսան տարվա ընթացքում բանակը չեք զինել»,- հարցադրում էր անում գրեթե 125 000 հետևորդ ունեցող էջը։

«Բաղրամյան 26» ալիքի պատրաստած գրաֆիկը

Վկայակոչված թվերը ձեռք բերված զենքերի գները չեն

Ե՛վ «Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքը, և՛ Հայկ Կոնջորյանը որպես տվյալների աղբյուր հղում են SIPRI-ին։ «Բաղրամյան 26» ալիքում ակտիվ հղում է տված SIPRI-ի՝ ներմուծման և արտահանման աղյուսակներին։ Այս տվյալները համապատասխանում են իրականությանը, սակայն խոսքը ոչ թե սպառազինության գնի մասին է, այլ SIPRI-ի կողմից մշակված միավորի մասին։

Դրանցում ներկայացված է երկրների սպառազինության ներմուծման և արտահանման «միտում-ցուցանիշ արժեքը» (trend-indicator value, TIV)՝ ըստ մատակարարող երկրի և տարիների։ Հատկանշական է, որ սա SIPRI-ի կողմից մշակված միավոր է, որը չի արտացոլում գնված սպառազինության գինը, այլ դրա արժեքը (value)՝ ոչ գնային իմաստով։

«Դրանք լավագույնս օգտագործվում են որպես չմշակված (raw) տվյալներ՝ որոշակի ժամանակահատվածում սպառազինությունների միջազգային փոխանցումների միտումները, մատակարարների և ստացողների համար գլոբալ տոկոսները և որոշակի պետություններ կամ երկրներ փոխանցումների ծավալի տոկոսները հաշվարկելու համար»,- պարզաբանում է SIPRI-ն։

Օրինակ՝ Հայաստանի գնած ընդհանուր սպառազինության մեջ (948 TIV) Ռուսաստանից ներկրած զենքերի մասնաբաժինը (832) կազմում է գրեթե 88 տոկոս։

Այսինքն, այդ թվերը միլիոն դոլար չեն, այլ միավորներ են, որոնք մշակել է SIPRI-ն սպառազինության մատակարարումների միտումները հասկանալու նապատակով։

Ինչ սպառազինություն է ձեռք բերվել չորս ղեկավարների օրոք

Ավելի լավ պատկերացում կազմելու համար, թե ինչ զենքեր են ձեռք բերվել չորս ղեկավարների օրոք, ստորև ներկայացված են SIPRI-ի զենքերի առևտրի բազայում առկա համապարփակ տվյալները։

SIRPI-ն օգտվում է մեծամասամբ բաց աղբյուրներից, այդ թվում՝ մամուլի և ռազմական ոլորտի մասնագիտացած պարբերականների հրապարակումներից, պաշտոնական հաղորդագրություններից, զեկույցներից և ՄԱԿ-ի զենքի ռեգիստրից։

Ձեռք բերված զինատեսակները ներկայացված են ըստ չորս ղեկավարների՝ նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիների։

Ինչպես երևում է այս աղյուսակներից, Հայաստանին մատակարարված սպառազինության գները հիմնականում անհայտ են։ SIPRI-ի բազայում առկա են 2019-ին Ռուսաստանից գնված չորս Սու-30 կործանիչների գինը՝ 120 մլն դոլար և 2020-ին՝ Հնդկաստանից գնված չորս Swathi ռադիոլոկացիոն կայանների գինը՝ 40 մլն դոլար։ Այսինքն՝ հստակ նշել, թե որ կառավարչի օրոք որքան գումարի զենք է ձեռք բերվել, հնարավոր չէ։

Աղյուսակներից նաև երևում է, որ Հայաստանը սպառազինության ամենամեծ ծավալները ձեռք է բերել առաջին արցախյան պատերազմի տարիներին և դրանից անմիջապես հետո՝ 1993-96 թթ. և 2016-ից սկսած՝ Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին։

Մեկնաբանել