Պապիկյանը հետևել է հայկական հարվածային անօդաչուների փորձարկումներին

Ապրիլի 27-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով եղել է զինված ուժերի ուսումնական զորամասերից մեկում, հայտնում է ՊՆ-ն։

«Սուրեն Պապիկյանը շրջել է զորամասի տարածքում և ուսումնական մասնաշենքում, հետևել ուսումնական պարապմունքների ընթացքին։ Զորամասի հրամանատար, գնդապետ Դավիթ Ալեքսանյանը պաշտպանական գերատեսչության ղեկավարին է ներկայացրել զորամասի կառուցվածքն ու գործառույթները։ Պաշտպանության նախարարը զորամասում հարգանքի տուրք է մատուցել և ծաղիկներ խոնարհել Հայաստանի ազգային հերոս Վահագն Ասատրյանի և 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված ու անհայտ կորած զինծառայողների հիշատակը հավերժացնող խաչքարերի մոտ»,- ասված է հաղորդագրությունում։

Նախարարությունից հայտնում են, որ Պապիկյանն այցելել է նաև «Բաղրամյան» զորավարժարան, որտեղ հետևել է հայկական ռազմարդյունաբերական ձեռնարկություններից մեկի նախագծած հարվածային անօդաչուների փորձարկումներին։