Վարչապետը կառավարության նիստին չխոսեց հղի կնոջ մահացու վրաերթի մասին

Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը չխոսեց իր ավտոշարասյան կողմից հղի կնոջ մահացու վրաերթի դեպքի մասին, որը տեղի էր ունեցել ապրիլի 26-ի երեկոյան։

Սովորաբար հանրային հնչեղության որևէ թեմայի առնչությամբ Փաշինյանը կառավարության նիստերին հանդես է գալիս ելույթով, սակայն ապրիլի 28-ի նիստին՝ վրաերթին հաջորդած իր առաջին հրապարակային խոսքում, միանգամից անցում կատարեց օրակարգային հարցերին։

***

Երևանի Լեո – Պարոնյան փողոցների խաչմերուկում վարչապետին ուղեկցող ավտոշարասյան ամենագնացի՝ հղի կնոջը վրաերթի ենթարկելու դեպքը հանրային լայն հնչեղություն է ստացել։

Ոստիկանությունը հաղորդեց, որ ապրիլի 26-ի երեկոյան Ճանապարհային ոստիկանության «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 28-ամյա կնոջ։ Վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:

Ավելի ուշ պարզվեց, որ մահացողը 28-ամյա Սոնա Մնացականյանն է՝ «Աջակցենք մեր հերոսներին – Հայաստան» կազմակերպության համահիմնադիրը, որը նաև Թուֆենկյան հիմնադրամի կողմից Արցախում կառուցվող «Թևեր» ՏՏ կենտրոնի ղեկավարն էր։

Ապրիլի 26-ի ուշ երեկոյան Քննչական կոմիտեն հայտնեց, որ վրաերթի գործով Ճանապարհային ոստիկանության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարը ձերբակալվել է։

Փողոցի տեսախցիկները արձանագրել են, թե ինչպես է ոստիկանության մեքենան հարվածում կնոջը և շարունակում ընթացքը։ Հետևից եկող ոստիկանական մեքենան ևս չի կանգնում ու շարունակում է ընթացքը։


Մեկնաբանել