Կառավարությունը 750 մլն դրամ կհատկացնի մետրոյի Աջափնյակ կայարանի նախագծման աշխատանքներին

Կառավարությունը 750 մլն դրամ կհատկացնի Երևանի մետրոյի Աջափնյակ կայարանի նախագծման աշխատանքներին։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա՝ ապրիլի 28-ի նիստի ընթացքում։

Վարչապետի խոսքով՝ Աջափնյակ կայարան կառուցելու համար հայտարարված մրցույթում կա հաղթող:

«Հայտարարվել էր մրցույթ կայարանի նախագծման վերաբերյալ և մրցույթի արդյունքներով կա հաղթող։ Այսօր մենք քննարկում ենք արդեն ֆինանսավորելու հարցը»,- ասաց նա։

Փաշինյանը հայտնեց նաև, որ «Parking City Service» ընկերության կողմից Երևան համայնքին հասցված 850 մլն դրամի վնասի փոխհատուցմամբ 750 մլն դրամը կուղղվի կայարանի նախագծման աշխատանքներին:

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշեց, որ 750 մլն դրամը նախատեսված է նախագծման աշխատանքների առաջին երկու փուլերի համար․ «Կխնդրեի ձեր հանձնարարականը, որպեսզի մենք կարողանանք աշխատել նախագծման երրորդ փուլի ֆինանսավորման աղբյուրների հայթհայթման ուղղությամբ, ինչպես նաև արդեն կայարանի կառուցման հետ կապված»։

Սարգսյանի խոսքով՝ կայարանի կառուցման համար էլ անհրաժեշտ կլինի շուրջ 50 մլն դոլար։