Գերմանիայում ապաստան և բուժում փնտրող հայերը

Արեն Մելիքյան, OC Media

Հայաստանի շատ քաղաքացիներ, որոնք հայրենիքում չեն կարող հոգալ օրգանիզմը թուլացնող, հյուծող և կյանքին սպառնացող առողջական խնդիրների բուժման ծախսերը, ստիպված գնում են Գերմանիա՝ որպես բուժման և ապաքինման իրենց վերջին հնարավորություն՝ չնայած արտաքսման մեծ հավանականությանը:

Դյուսելդորֆի գլխավոր երկաթուղային կայարանի դիմաց գտնվող փոքրիկ հրապարակը կարոտի զգացում է առաջացնում դրա դիմաց կանգնած 42-ամյա հայուհու մոտ։ Ինգան այստեղ տեսած ամեն ինչն ակամա համեմատում է իր հայրենի քաղաքի՝ Հայաստանի հյուսիսում գտնվող Գյումրիի հետ։

Նրա ամուսինը՝ 47-ամյա Թորգոմ Սարգսյանը, մեզ միանում է մի քանի րոպե անց՝ անվասայլակով։ Թորգոմը վարորդ է աշխատել մինչև այն օրը, երբ հասկացել է, որ ոտքերը գրեթե չեն ենթարկվում իրեն։ Դրանից հետո նրա վիճակը միայն վատացել է։

Ամուսիններին Գերմանիա բերել է Թորգոմի հիվանդությունը բուժելու հույսը․ Հայաստանում նրանք երբեք չէին կարող հոգալ բուժման ծախսերը։ Ինգան տեղափոխվել է չորս տարի առաջ, իսկ Թորգոմը՝ հինգ։ Վերջին չորս տարին նա ստիպված է եղել տեղաշարժվել սայլակով։

«Եթե իշխանությունները գան մեր տուն և կարգադրեն հավաքել իրերը, ուրեմն վերջ, իմ գնացքը ժամանել է։ Մինչ այդ ես այստեղ «ուղևոր» եմ»,- ասում է Թորգոմը։ Նա փախստականի կարգավիճակ ստանալու համար դիմել է 2017-ին, բայց այդ ժամանակվանից մնացել է իրավական անորոշության մեջ. պետք է յուրաքանչյուր վեց ամիսը մեկ երկարաձգի ապաստանի իր հայցը:

Այդ պահից ի վեր նրա նման հարյուրավոր հայերի արդեն արտաքսել են։

2015-2020 թթ․ Հայաստանի ավելի քան 13 400 քաղաքացի ապաստան է խնդրել Գերմանիայում: Ֆրանսիայի պես Գերմանիան լավագույն ուղղություններից է ցածր եկամուտ ունեցող հայերի համար, որոնք բուժման նպատակով արտերկիր են գնում: Ոմանք նույնիսկ Հայաստանում իրենց տներն են վաճառում ճանապարհորդության ծախսերը հոգալու համար։

Հայաստանն իմ մասին հոգ չի տանի այնպես, ինչպես Գերմանիան

Թաքնված բարձր պարսպի հետևում և շրջապատված բետոնե շինություններով՝ Դյուսելդորֆի կենտրոնից տրամվայի ընդամենը մի քանի կանգառ հեռու մի շարք փոքր փայտե շենքեր կան, որոնք Թորգոմը, նրա կինը և ապաստան հայցող հարյուրավոր այլ մարդիկ տուն են անվանում՝ ենթադրաբար ժամանակավոր: Մնացած բնակիչները հիմնականում Մերձավոր Արևելքի և նախկին ԽՍՀՄ աղքատ երկրներից են։

Ինգան խաղում է Թորգոմի հետ, որպեսզի զվարճացնի նրան մինչ նա իր ամենօրյա վերականգնողական վարժություններն է անում: Լուսանկարը՝ Արեն Մելիքյանի։

Մենք նստած ենք Թորգոմի լավ կահավորված բնակարանում։ Պարզ լսվում է թղթի պես բարակ պատերից այն կողմ հարևանի տանը հնչող երաժշտությունը՝ միջինասիական մեղեդի է։ Սրբապատկերներով զարդարված մոխրագույն պատի դիմաց դրված է այն սարքավորումը, որը նա օգտագործում է վերականգնողական վարժությունների ժամանակ։

«Գերմանիան մարդասիրական երկիր է, նա հոգ է տանում իմ մասին, իմ երկիրն ինձ ոչինչ չի տա,- ասում է նա։- Ես շատ եմ ուզում տուն վերադառնալ, բայց եթե վերադառնամ, դա կլինի իմ վերջը»:

«Ես չեմ կարող բեռ դառնալ ընտանիքիս համար»,- հանդիսավոր հավելում է նա։

Թորգոմը ուղեղի և ողնուղեղի դեգեներատիվ հիվանդություն ունի։ Հինգ տարվա ընթացքում նրա վիճակը չի բարելավվել, սակայն գերմանացի բժիշկների ջանքերի շնորհիվ այն չի էլ վատացել։

Նա և Ինգան թանկ են վճարել բուժման համար։ Նրանց 16-ամյա դուստրը դեռ Հայաստանում է, ինչպես և նրանց բոլոր հարազատները։

Նրանց մասին խոսելիս, Թորգոմը հազիվ է զսպում զգացմունքները:

«Մայրս վերջերս վարակվեց Covid-ով,- նվաղում է նրա ձայնը, և մեծ դժվարությամբ է ավարտում նախադասությունը, իսկ արցունքները գլորվում են այտերն ի վար։- Ես չէի կարողանում քնել»:

Նա մի պահ դադար է տալիս, որպեսզի հանդարտվի և շարունակի։

«Բոլորն այնտեղ են, միասին, իսկ ես՝ օտար հողում, ուր երբեք չգիտես, թե ինչ է քեզ սպասվում»։

Չնայած հայրենիքի կարոտի այս ցավոտ ու կանոնավոր նոպաներին, Թորգոմը տուն վերադառնալու պատրանքներ չունի:

«Եթե իմանայի, որ Հայաստանը Գերմանիայի արածի 20 տոկոսի չափ հոգ կտանի իմ մասին, հենց վաղը կվերադառնայի,- ասում է նա,- բայց գիտեմ, որ չեն անի»:

Գերմանական երազանքը

Նման պատմություն ունի հանրակացարանի մեկ այլ բնակիչ՝ Մանանը, որը Սարգսյանների ընտանիք իմ այցի ժամանակ պատահաբար եկավ նրանց տուն։

Այս հայուհին Գերմանիա է եկել չեխական զբոսաշրջային վիզայով՝ գերմաներենի իր բառապաշարում ունենալով մեկ բառով՝ «ազուլ» (Asyl, թրգմ․ – ապաստան):

Դյուսելդորֆի հանրակացարանները, լուսանկարը՝ Արեն Մելիքյանի։

«Ես նույնիսկ միայնակ երբեք չէի գնացել Երևան, ողջ կյանքս անցկացրել եմ իմ քաղաքում, և երբ մի օր ինձ ասացին, որ պետք է գնամ Գերմանիա, խուճապի մատնվեցի և լաց եղա։ Դժվար էր»,- հիշում է նա։

Մանանը չի ցանկանում հրապարակել ազգանունը կամ հայրենի քաղաքի անունը, որը Երևանի մերձակայքում գտնվող միջին մեծության բնակավայր է․ նա վախենում է, չգիտի, թե ինչ կմտածեն հարևանները։ Նրանցից շատերը չգիտեն, թե որն է Եվրոպայում նրա գտնվելու իրական պատճառը:

«Դեղորայքը շատ թանկ է, և չէի կարող հոգալ այդ ծախսերը Հայաստանում,- ասում է նա։- Որտե՞ղ պիտի աշխատեմ, որպեսզի ամսական 5000 եվրո վաստակեմ և կարողանամ գնել իմ դեղահաբերը»:

Հայաստանում նա խանութում է աշխատել՝ որպես վաճառող։ Շուտով կլրանա Գերմանիա նրա գալու չորրորդ տարին։ Մանանն ասում է, որ պատրաստ է և ցանկանում է այստեղ գտնել նմանատիպ աշխատանք, որպեսզի ավելի լավ ինտեգրվի գերմանական հասարակությանը: Նրա առողջական վիճակը, սակայն, շատ է դժվարացնում դա։ Բժիշկներն ասել են, որ կարող է օրական առավելագույնը չորս ժամ աշխատել:

Մանանը սրտի հիվանդություն ունի, նրան ասել են, որ բուժումը լավ է ընթանում։ Բայց, ինչպես Թորգոմի ընտանիքը, նա նույնպես կախված է Գերմանիայի կառավարության ֆինանսական օգնությունից:

Դյուսելդորֆում գտնվող Գերմանիայի Համահայկական խորհրդի անդամ Անի Սմիթ-Դագեսյանը Թորգոմի և Մանանի պատմության նման շատ այլ պատմություններ է լսել։

Ես խոսեցի նրա հետ Դյուսելդորֆից ոչ հեռու Լևերկուզեն քաղաքում գտնվող նրա տանը: Անին 18 տարի առաջ որպես ուսանող է եկել Գերմանիա և ուսումն ավարտելուց հետո որոշել է մնալ։

«Կարծում եմ՝ Հայաստանում թյուրիմացություն կա,- բացատրում է նա։- Փախստականներն իրենց հարազատներին հիմնականում չեն պատմում իրենց կյանքի իրական պայմանները. շատերը դրախտային պատկեր են ներկայացնում»:

Նա նկատել է, որ այն պահից ի վեր, երբ Գերմանիայի կառավարությունն ընդլայնեց իր միգրացիոն ծառայությունների անձնակազմը, ապաստանի ավելի շատ հայցեր են մերժվել, և ավելի շատ մարդ է արտաքսվել հայրենիք՝ առանց բուժում ստանալու:

«Նախկինում գործընթացը կարող էր տևել մոտ կես տարուց մինչև անգամ երեք տարի: Այդ ժամանակահատվածը բավական երկար էր բուժում ստանալու համար, սակայն այսօր պատասխանները պատրաստ են լինում 3-6 ամսում։ Ի վերջո, բոլորը ենթակա են արտաքսման, բացի նրանցից, ում հայրենադարձությունը կարող է հանգեցնել մահվան»:

Քանի որ միայն առողջական խնդիր ունենալը բավարար չէ փախստականի կարգավիճակ ստանալու համար, անկախ նրանից, թե այն որքան լուրջ է, շատերը փնտրում են այլընտրանքային պատճառներ, այդ թվում՝ մտացածին, որպեսզի ավելի մեծացնեն ապաստան ստանալու շանսերը, շարունակեն դիմումի հետ կապված գործընթացը և իրենց նախնական դիմումից հետո ու հնարավոր արտաքսման միջև ընկած ժամանակահատվածն օգտագործեն անվճար բուժօգնություն ստանալու համար:

Ճանապարհորդության ավարտ

Քյոլնի գերեզմանատան հայկական անկյունում մշուշով ուրվագծված տապանաքարեր են նշմարվում: Ննջեցյալների համար Քյոլնի Հայ Առաքելական Եկեղեցու քահանա Տեր Վահրիճ Բաղդասարյանի հնչեցրած աղոթքը կոտրում է գերեզմանատան լռությունը։

Տեր Վահրիճ Բաղդասարյանը ցույց է տալիս Քյոլնի գերեզմանատան հայկական անկյունը։ Լուսանկարը՝ Արեն Մելիքյանի։

Նա ինձ այստեղ է բերել, որպեսզի ցույց տա մի հայի գերեզման, որը Գերմանիա էր եկել բուժօգնություն ստանալու։

«Ունեցել ենք դեպք, երբ բուժվելու նպատակով այստեղ եկած հայը մահացել է մենության մեջ։ Իմանալով, որ նա հայկական եկեղեցու հետևորդ է, քաղաքապետարանի պաշտոնյաները կապվեցին մեզ հետ՝ խնդրելով օգնել կազմակերպել հուղարկավորությունը»,- ասում է քահանան՝ ցույց տալով տապանաքարը։

Նա նշում է, որ եկեղեցին շատ բան չի կարողանում անել Գերմանիայում ֆինանսական դժվարություններ ունեցողներին օգնելու համար, թեև փորձում են օգտակար տեղեկություններ տրամադրել: Իրենց հերթին, Գերմանիայում Հայաստանի կառավարության ներկայացուցիչները և Երևանում պետական պաշտոնյաները հազվադեպ են անում ավելին:

Հայաստանի միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանն ասում է, որ իրենք խնդիրը վաղուց են բացահայտել, և վերջին երեք-չորս տարիներին այն օրակարգում է եղել որպես «միգրացիոն», քան «բժշկական» խնդիր։

Գերմանիան, որը վճարում է առողջական խնդիրների պատճառով փախստական դարձածների բուժման ծախսերը, ռեսուրսներ է ներդրել նաև Հայաստանում բուժօգնության բարելավման համար։ Վերջին չորս տարիներին Գերմանիան համագործակցել է Հայաստանի առողջապահության նախարարության հետ և իրագործել ծրագրեր, որոնց շրջանակում աջակցել է ախտորոշիչ ծառայությունների, ինչպես նաև տեղի հայ բժիշկներին վերապատրաստելու հարցում։

Ղազարյանն ընդգծում է, որ Եվրոպայում ապաստանի համար դիմած հայերի թիվը զգալիորեն նվազում է։ Գերմանիայի միգրացիոն գրասենյակի տվյալներով՝ 2021-ին Հայաստանի 617 քաղաքացի է ապաստան խնդրել երկրում։ Սա գրեթե 50%-ով պակաս է 2019-ին ապաստան խնդրած հայերի թվից, թեև մի փոքր աճել է 2020-ի ցուցանիշի համեմատ։

Թեև Գերմանիա բուժման նպատակով գնացածներից մի քանիսի ապաստանի դիմումը բավարարվել է, և նրանք մնում են երկրում, Հայաստան կամավոր կամ արտաքսման միջոցով վերադարձողները ստանում են որոշակի սահմանափակ արտոնություններ: Հայաստանի կառավարությունը, համագործակցելով միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսին է Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնը, երաշխավորում է, որ վերադարձողներին տրամադրվեն այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են բնակարանային սուբսիդիաները կամ բիզնեսի փոքր դրամաշնորհները, որպեսզի նրանց հանկարծակի վերադարձի դեպքում, ինչը հաճախ է պատահում, դրանք որպես ապահովության ֆինանսական բարձիկ ծառայեն։

Չնայած ամեն ամիս Գերմանիայից Հայաստան են արտաքսվում առողջական խնդիրներով եկած շատ փախստականներ, դեռ շատ են մարդիկ, որոնք Գերմանիան համարում են անհրաժեշտ բուժօգնություն ստանալու իրենց վերջին հնարավորությունը։ Երևանից 35-ամյա Աննան (անունը փոխվել է նրա խնդրանքով), որն աչքի դեգեներատիվ հիվանդություն ունի, հուսով է, որ գրպանում բավարար գումար ունենալուն պես կգնա Գերմանիա։

Իմանալով, որ միայն առողջական վիճակի համար փախստականի կարգավիճակ ստանալը քիչ հավանական է, նա ասում է, որ հույս ունի օգտագործել Լեռնային Ղարաբաղից փախստականի կարգավիճակը՝ իր հնարավորությունները մեծացնելու համար: Քանզի միայն Գերմանիայում նա դեռ կարող է իր առողջական վիճակի բարելավման հույս ունենալ՝ չնայած նրա տեսողությունն օրեցօր վատանում է։

Թարգմանված է անգլերենից

Մեկնաբանել