Հայհոյանքը քրեականացնելուց հետո հարուցվել է 802 քրեական գործ

Դատախազությունը հայտնում է, որ օգոստոսի 30-ից ապրիլի 1-ընկած ժամանակահատվածում ծանր վիրավորանքի հատկանիշներով հարուցվել է 802 քրեական գործ, մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 51 անձի վերաբերյալ 48 գործ։

2021-ի օգոստոսի 30-ին ուժի մեջ է մտել ծանր վիրավորանքի քրեականացման վերաբերյալ Քրեական օրենսգրքում կատարված լրացումը: Համաձայն փոփոխության՝ քրեական պատասխանատվություն է նախատեսվում հայհոյելու կամ արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով անձին վիրավորելու համար:

«Նշված ժամանակաշրջանում առերևույթ ծանր վիրավորանք հասցնելու դեպքերի առթիվ նախապատրաստված 938 նյութերից 802-ով հարուցվել է քրեական գործ։ Քրեական գործերից 621-ը, այսինքն շուրջ 77,5%-ը հարուցվել է ուղիղ հայհոյանք հնչեցնելու, իսկ 181-ը կամ ընդամենը 22,5%-ը այլ ծայահեղ անպարկեշտ արտահայտություններով ծանր վիրավորանք հասցնելու փաստերով»,- ասված է հաղորդագրությունում։

Ըստ Դատախազության՝ քրեական գործերից 21-ի դեպքում հարուցման առիթ է հանդիսացել զանգվածային լրատվամիջոցներում, 285-ի դեպքում՝ ինտերնետային սոցիալական ցանցերի օգտատերերի գրառումներում, մեկնաբանություններում տեղ գտած հրապարակումները, իսկ 497 դեպքում՝ դիմողի (տուժողի) բողոքը․ «Այսինքն, նախ՝ ճնշող մեծամասնության դեպքում քննության համար ծանր վիրավորանքի ենթարկված անձինք են դիմում, բացի այդ, քննության առարկա հանդիսացող՝ ծանր վիրավորանքի մեծ մասն առերևույթ կրել է ոչ հրապարակային բնույթ, այսինքն դրանք հնչեցվել են առանց տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների, հրապարակային այլ եղանակների օգտագործմամբ, հաճախ արվել են կենցաղային փոխհարաբերություններում»։

Հարուցված քրեական գործերից ընդամենը 2-ի դեպքում է առերևույթ ծանր վիրավորանք հասցնելը վերագրվել լրագրողի, 38 դեպքում՝ քաղաքան գործունեությամբ զբաղվող անձանց։ Իսկ ծանր վիրավորանքի թիրախ են հանդիսացել 2 լրագրողներ, 10 քաղաքական գործունեությամբ զբաղվող ակտիվ կամ քաղաքական ուժերի համակիր անձինք, 71 հանրային ծառայողներ կամ պետական իշխանության մարմինները ներկայացնող պաշտոնատար անձինք, 198 բարձրագույն պետական պաշտոններ զբաղեցնող անձինք, որոնցից որոշների դեպքում՝ նաև նրանց ընտանիքի անդամները։