ԱՄՆ դիվանագետները Բաքվում քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսված գործընթացը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ապրիլի 27-ին Բաքվում ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Կովկասի, տարածաշրջանային հակամարտությունների և Հարավային Եվրոպայի հարցերով օգնականի տեղակալ Էրիկա Օլսոնի գլխավորած պատվիրակությանը։ Ամերիկացի դիվանագետների շարքում են ԵԱՀԿ Մինսկի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը, որը վերջերս ստացել է Կովկասում բանակցությունների հարցերով Պետքարտուղարության գլխավոր խորհրդականի կարգավիճակ, Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էրլ Լիտցենբերգերը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին և Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը։

Ըստ Ադրբեջանի նախագահական կայքի՝ հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների հարցերը։ Ըստ Ալիևի՝ Բաքուն պատրաստ է այդ բանակցություններին։

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջի հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում դիվանագետները Ադրբեջանին շնորհակալություն են հայտնել Ուկրաինային մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար՝ նշելով, որ «Պուտինի ընտրած պատերազմը հարցականի տակ է դնում բոլոր երկրների անվտանգությունն ու բարեկեցությունը»։

Բաքվում ամերիկացի դիվանագետները հանդիպել են նաև Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ ԱՄՆ պատվիրակությունը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուղիղ հարաբերությունների հաստատմանն ուղղված ջանքերը։

Մեկնաբանել