Զախարովան նշում է՝ ՌԴ-ն ջանքերը կենտրոնացրել է ձևաչափերի վրա, որոնք արդյունք են տալիս

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի նիստը տեղի կունենա մոտ ժամանակներս, ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջմղման հիմք է դիտարկում բարձր մակարդակի եռակողմ պայմանավորվածությունները։ Զախարովան նշել է, որ ՌԴ-ն շարունակում է ակտիվ աշխատանքը Բաքվի և Երևանի հետ, ներառյալ տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանը գործընթացի և խաղաղության պայմանագրի համաձայնեցման ուղղություններով։

«Հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հարցերը քննարկվել են (ՌԴ փոխվարչապետ – խմբ․) Օվերչուկի և (Ադրբեջանի նախագահ – խմբ․) Ալիևի միջև ապրիլի 26-ին կայացած հանդիպման ընթացքում։ Հայկական և ադրբեջանական կողմերի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև առաջիկայում փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի հերթական նիստի անցկացման մասին: Ինչ վերաբերում է սահմանային հարցերին, ապա մինչև այս շաբաթվա վերջ Բաքվում ծրագրված են շփումներ՝ ԱԳՆ մակարդակով»,- ասել է նա։

Զախարովան նշում է, որ ռուսական կողմն այժմ իր ջանքերը կենտրոնացրել է այն ձևաչափերի վրա, որոնք իրական արդյունք են տալիս: Մասնավորապես, խոսքը Մոսկվայի, Երևանի և Բաքվի միջև բարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի մասին է։

«Իրական աշխատանքը ձևաչափերով, որոնք արդյունք են տալիս, ակնհայտ է։ Մենք, այսպես թե այնպես, մնում ենք գոյություն ունեցող ձևաչափերում, տեսնում ենք, որ այնտեղ աշխատանքն առաջ է գնում։ Հիմնական նշանակությունը տալիս ենք այն փաստաթղթերին և ձևաչափերին, որոնք իրական արդյունք են տալիս: Այդ արդյունքը զգում են խաղաղ բնակիչները, տնտեսական օպերատորները, տարածաշրջանն ընդհանրապես»,- եզրափակել է Մարիա Զախարովան։