ՀՀ կառավարությունը լրացուցիչ 20 մլրդ դրամ կհատկացնի Արցախի բնակարանաշինական ծրագրերի համար

Այս տարվա ընթացքում Հայաստանի կառավարությունը լրացուցիչ 20 միլիարդ դրամ կհատկացնի Արցախի բնակարանաշինական ծրագրերի համար՝ հաշվի առնելով Արցախում առկա բնակարանային հրատապ կարիքները․ այս մասին Ֆեյսբուքում գրել է Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը։ Ապրիլի 29-ին Երևանում անցկացվեց Հայաստանի ու Արցախի կառավարությունների անդամների հանդիպումը։

«Իհարկե, նաև մտքեր են փոխանակվել Արցախի անվտանգության, կարգավիճակի ու հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ:

Հիմնական օրակարգային երկու հարցերը Արցախի սոցիալ-տնտեսական վիճակը և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացն էին»,- գրել է Բեգլարյանը։

Ապրիլի 29-ի հանդիպմանը Փաշինյանն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման թիվ մեկ շահառուն Արցախն է և Արցախի ժողովուրդը․ «Այնպիսի բովանդակություն, որ բանակցվի և իրագործվի ծածուկ, դա ուղղակի անտրամաբանական է։ Նման բան երևակայելն ուղղակի անհնար է»,- նշել է նա։

Նիկոլ Փաշինյանը նաև կարևորել է, որ Արցախի իշխանությունները նույնպես որդեգրում են խաղաղության օրակարգ․ «Խաղաղության օրակարգն ամենևին էլ պարտության օրակարգ չէ, խաղաղության օրակարգը պատերազմի արհավիրքը և պատերազմին հաջորդած դժվարությունները հաղթահարելու, ժողովրդի անվտանգությունը, իրավունքները, ապագան երաշխավորելու օրակարգ է»։

Մեկնաբանել