Հուսեյն Աբդուլլաևը. Մարիուպոլում. նրա հետևում երևացող շենքն ավերվել է ռուսական զորքի կողմից քաղաքի պաշարման ժամանակ: Լուսանկարը՝ Հուսեյն Աբդուլաևի։
Իսմի Աղաև, OC Media
Ադրբեջանցի ուսանող Հուսեյն Աբդուլաևը, որին ռուսական զորքերը մեկ ամիս գերի են պահել, պատմում է ամենօրյա բռնությունների, խոշտանգումների և ակնհայտ արտադատական մահապատիժների մասին։
Մարտի 17-ին 19-ամյա Հուսեյն Աբդուլաևը յոթ այլ ուղևորների հետ մեքենայով գնում էր արևմուտք: Նրանք փախչում էին Ուկրաինայի Մարիուպոլ նավահանգստային քաղաքից, որը փետրվարի 25-ից շրջափակված էր ռուս զինվորականների կողմից։
«Մենք անցանք ռազմական մի քանի անցակետ և երբ մոտեցանք Բերդիանսկի անցակետին, մեզ կանգնեցրին,- OC Media-ին պատմել է նա։- Մեքենայի վարորդը ուկրաինացի էր։ Ռուս զինվորները, որոնք մեզ կանգնեցրին, հրամայեցին իջնել մեքենայից և հանել շորերը»։
Զինվորները նրանց ասել են, որ ուզում են ստուգել, թե արդյոք մեքենայում որևէ մեկը դաջվածքներ ունի: Դաջվածքները իբր ապացույց էին այն մասին, որ տվյալ մարդը «Ազովի» գումարտակի անդամ է։ Գումարտակը, որը ներկայում Ուկրաինայի ազգային գվարդիայի ստորաբաժանում է, առաջացել է որպես սպիտակամորթների գերիշխանությանն աջակցող ծայրահեղ աջ աշխարհազորայինների խումբ և Ռուսաստանի կողմից մեծ ուշադրության է արժանացել պատերազմի քարոզչության ընթացքում։ Մեքենայում գտնվող յոթ մարդկանցից, Աբդուլլաևի խոսքով, ոչ ոք դաջվածք չի ունեցել, բացառությամբ վարորդի, որի ոտքի վրա դաջված է կենդանակերպի խեցգետնի նշանը:
Զինվորները նրանց երկար պահում են անցակետում, այդ ընթացքում ոչ հեռու գտնվող առաջնագծից պարբերաբար լսվում էին արկերի պայթյունների ու կրակոցների ձայները։
Ի վերջո, մի բեռնատար է գալիս անցակետ, և մոտ երկու տասնյակ զինվոր դուրս է գալիս մեքենայից: Այդ մարդիկ, որոնք «Կենտրոնական Ասիայի երկրների ծագում» ունեին, հարցաքննել են ուղևորներին՝ պահանջելով ասել, թե ովքեր են նրանք և ուր են գնում:
«Չնայած ես նրանց ցույց տվեցի իմ ուսանողական վկայականը և անձնագիրը, նրանք մի քանի անգամ հարվածեցին կրծքավանդակիս և ոտքերիս, ապա քարշ տվեցին դեպի իրենց մեքենան»,- պատմել է Աբդուլաևը։
Հաջորդ 26 օրվա ընթացքում պատանին, որը Ադրբեջանից երեք տարի առաջ էր Մարիուպոլ եկել, որպեսզի ուսանի Մարիուպոլի պետական համալսարանի էկոլոգիայի ֆակուլտետում, ռուս զինվորականների կողմից հարցաքննվել, խոշտանգման, բռնության է ենթարկվել, ինչպես նաև ականատես է եղել առնվազն երկու դեպքի, երբ ուկրաինացի գերիներին արտադատական կարգով մահապատժի են ենթարկել։
«Դու «Ազովի» գումարտակի անդամ ես»
Ուղևորությունը անցակետից դեպի այն վայր, ուր նրանց տարել են, տևել է կես ժամից մի փոքր ավելի։ Տեղ հասնելուց հետո ռուս զինվորականները կրկին հարցաքննել են Աբդուլաևին և մյուս ուղևորներին։ Զինվորներից շատերը չեչեն էին, խոսում էին ռուսերեն՝ չեչենական ակցենտով, ունեին երկար մորուք, կարճ բեղեր, ինչը Չեչնիայից ժամանած Ռուսաստանի ազգային գվարդիայի անդամներին բնորոշ ոճ է։
Բայց նրանցից մեկը տարբեր էր. մյուսները նրան «Նաչալնիկ» էին անվանում, ռուսերեն՝ «ղեկավար»: Նա ցածրահասակ էր, թիկնեղ և կարճ կտրած մորուք ուներ։
«Ինձ հարցրին, թե ինչով եմ զբաղվում, ես ասացի, որ երեք տարի է, ինչ ուսանող եմ, բայց ինձ չհավատացին»,- գերիների պահման վայր հասնելու պահից մանրամասներ է հիշում Աբդուլաևը։ Ռուս զինվորները նրան ասել են, թե չեն հավատում, ասել են, որ խաբում է իրենց, «զինյալի» տեսք ունի, որ «Ազովի» գումարտակի անդամ է։
«Որքան էլ Աստծու անունով երդվեցի [որ ուսանող եմ], ինձ չհավատացին ու ինձ փակեցին խցում՝ մեզ հետ եկած յոթ հոգու հետ»,- բացատրել նա։
Խուցը դատարկ էր և «աննկարագրելիորեն ցուրտ», իսկ գերեվարվածերը, դեռ առանց հագուստի, ստիպված էին կանգնել սառը բետոնի վրա: Մի քանի ժամ անց մի զինվոր բացում է խցի դուռը՝ ձեռքին Աբդուլաևի հագուստը։
«Հիմա կարող ես հագնել շորերդ»,- Աբդուլլաևին ասում է զինվորը, ինչից հետո կապում է նրա աչքերը և տեղափոխում մեկ այլ խուց։
Աչքերը բացելուց հետո երիտասարդ ուսանողը հայտնվում է մեկ այլ զինվորի դիմաց, որը, ըստ երևույթին, չեչեն էր: Զինվորն ասում է, որ կրկին հանի հագուստը ու նստի աթոռին։ Աբդուլաևը ենթարկվում է։ Այնուհետև զինվորը նրան ձեռնաշղթաներով կապում է աթոռին։
«Նա շարունակ բղավում էր ինձ վրա՝ տալով այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ «ե՞րբ ես միացել «Ազովին», որտե՞ղ եք կռվել,- պատմում է Աբդուլլաևը։- Նա չէր հավատում ինձ, չնայած, որ ես ամեն անգամ ասում էի, որ պարզապես ուսանող եմ և [Մարիուպոլից] մեկնում եմ Ադրբեջան»։
Այնուհետև, երբ հարցաքննությունը կարծես նորից պիտի սկսվեր, հույսի մի շող է երևում:
«Ասացին, որ ադրբեջանցի է գալիս։ Կարծում էի, որ մեկ այլ ադրբեջանցի կհասկանա ինձ և կօգնի արտահայտել կարծիքս և վերջ տալ այս խոշտանգումներին»։
Բայց ներս մտնելուն պես նոր զինվորը սկսում է հարվածել և հայհոյել Աբդուլաևին ։
«Դու արատավորել ես մեր ազգի պատիվը, ի՞նչ ես անում «Ազովի» գումարտակում,- Աբդուլլաևը հիշում է, թե ինչպես էր բղավում զինվորը։- Հետագայում ես հասկացա, որ նա Դերբենտում ծնված [էթնիկ] ադրբեջանցի ռուս զինվոր է»:
Առերևույթ դժգոհ լինելով նրանից, որ իր գերին ակնհայտորեն չի համագործակցում, Աբդուլաևը հիշում է, որ սենյակում գտնվող մյուս զինվորներին տղամարդը հրամայում է «բերել էլեկտրական սարքը»:
Սարքը հոսանքին միացված ուղղանկյուն տուփ էր, որը զինվորները լարերով միացնում են 19-ամյա երիտասարդի մարմնին։ Աբդուլլաևը պատմում է, որ երեք անգամ իրեն ասում են, որ «խոստովանի ամեն ինչ», և երբ չի խոստովանում, նրանք էլեկտրահարում են իրեն՝ ամեն անգամ նախորդից ավելի բարձր լարմամբ:
Երբ երրորդ անգամ էլեկտրահարվելուց հետո նա ուշագնաց է լինում, Աբդուլաևն ուշքի է գալիս միայն այն ժամանակ, երբ զինվորները սառը ջուր են լցնում նրա դեմքին։
«Աղոթում էի Աստծուն, որ գոնե օրն ավարտվի, գուցե նրանք հոգնեն, ուզեն քնել, և ես մի քանի ժամով ազատվեմ տանջանքներից։ Բայց՝ ո՛չ, նրանք մտադիր չէին հանձնվել»:
Խոշտանգումները շարունակվում են ժամերով, մինչև որ Հուսեյն Աբդուլաևը «զգում է, որ ականջներից արյուն է հոսում»։ Նա հիշում է, որ ամբողջ ընթացքում, իրենից պահանջում էին միայն մեկ բան՝ խոստովանել, որ կռվել է «Ազովի» գումարտակում, և ասում էին, որ եթե խոստովանի, իրեն բաց կթողնեն։
«Ինձ ծեծում և խոշտանգում էին օրական չորս-հինգ ժամ։ Ես ժամերով սպասում է ցրտի պայմաններում։ Օրվա ընթացքում մոտ երկու ճաշի գդալ հնդկաձավար և կես կտորից քիչ հաց էին տալիս։ Ինչ վերաբերում է ջրին, ապա կոնկրետ չգիտեմ՝ ցեխ էր դա, թե ոչ, բայց այն սև էր, օրվա ընթացքում կես բաժակ էին տալիս»։
«Ծնունդդ շնորհավոր»
Գերության չորրորդ օրը զինվորներից մեկը ատրճանակը դնում նրա գլխին, իսկ ադրբեջանցի զինվորն Աբդուլլաևին ասում է, որ արտասանի «Շահադա»-ն՝ իսլամական հավատքի հռչակագիրը, որն արտասանում են նաև մահվանից առաջ։
«Այնուհետև նա ատրճանակը դրեց ծնկիս՝ ասելով, որ ինձ կնվաստացնի և հաշմանդամ կդարձնի,- հիշում է Աբդուլլաևը։- Նրանք այսկերպ մի քանի րոպե զվարճացան ինձ հետ, իսկ հետո հետ տարան իմ խուց»։
Ոչ բոլորն են վերադարձել խոշտանգումների սենյակից։
Աբդուլաևը OC Media-ին պատմել է, որ երկրորդ օրը ուկրաինացի զինվորականների համազգեստով երկու տղամարդ են բերել իր դիմացի խուց։ Նա և մյուս խցակիցները երկու ուկրաինացիների հետ կարողանում էին շփվել՝ խցի դռան փոքրիկ ճաղապատ պատուհանից: Այդ տղամարդկանց բերելուց մի քանի օր անց նա տեսնում է, թե ինչպես են երկուսին ստիպողաբար դուրս հանում խցից, իսկ քիչ անց հիշում է, որ լսում է կրակոցների ձայներ։ Նա այլեւս երբեք չի տեսնում այդ երկուսին։
Մարտի 21-ին՝ գերության հինգերորդ օրը, Հուսեյն Աբդուլաևը դառնում է 20 տարեկան։
Այդ օրը զինվորներից մեկը նրան դիմավորում է ժպիտով և ասում՝ «ծնունդդ շնորհավոր»։
«Մի պահ մտածեցի, որ նրանք ուշքի են եկել և մեղմացել են,- ասում է Աբդուլլաևը։- Մեկ րոպե չանցած, դուռը բացվեց, և նրանք եկան, բռնեցին թևերիցս և հետ տարան խոշտանգումների սենյակ»:
Աբդուլլաևը և նրա խցակիցները խոշտանգումների էին ենթարկվում ամեն օր՝ հերթով, յուրաքանչյուրն օրական մոտ երեք-չորս ժամ:
«Վստահ եմ, որ գերիների համար ամեն ինչ շատ պարզ ու ակնհայտ էր։ Նրանք առաջին իսկ օրվանից շատ լավ հասկացել էին, որ ես ուսանող եմ,- ասում է Աբդուլլաևը։- Ես կարող եմ ձեզ միայն վստահեցնել, որ [գերեվարողները] մեզ մեկ առ մեկ խոշտանգել և ծեծել են զուտ միայնությունից ազատվելու և զվարճանալու համար»:
Չնայած նրանց կատարած արարքներին, Աբդուլաևն ասել է, որ տեսել է, թե իրեն գերեվարողներն ինչպես են երգում և պարում: Երբ նրանք առանձնապես ոգևորված էին լինում, հատկապես նրանք, որոնք ակնհայտորեն չեչենական ծագում ունեին, բացականչում էին «Ախմատ սիլա» (թրգմ․ – «Ախմատի ուժը»), կարգախոս, որը հանրահայտ է դարձրել Չեչնիայի Հանրապետության բռնապետ Ռամզան Կադիրովը:
Այս արտահայտությունը վկայակոչում է Ռամզան Կադիրովի հանգուցյալ հորը՝ Չեչնիայի առաջին նախագահ Ախմաթ Կադիրովին (Ռամզան Կադիրովը բացատրել է, որ դա նշանակում է հավատարմություն այն ուղուն, որը ՌԴ կազմում Չեչնիայի համար մատնանշել է իր հայրը – խմբ․)։ Արտահայտությունը հաճախ կարելի է լսել տեսանյութերում, որտեղ երևում են Ուկրաինայում կռվող Ռուսաստանի ազգային գվարդիայի չեչենական ստորաբաժանումները։
Հեռախոսազանգ դեպի ազատություն
Ապրիլի 12-ին՝ գերեվարումից մոտ մեկ ամիս անց, Հուսեյն Աբդուլաևին վերջին անգամ են դուրս տանում խցից։
«Կարծում էի, որ ինձ խոշտանգելու են,- հիշում է նա,- բայց, ինչն ամենաքիչն էի սպասում, պահակն ասաց. «Պատրաստվի՛ր, շուտով դուրս կգաս»»:
Քիչ անց Աբդուլաևին մոտենում է մի քանի չեչեն զինվոր, նրան ոտից գլուխ չափելով՝ ասում են, որ ազատ են արձակում, քանի որ «Ռամադանի սուրբ ամիսն է»։ Նա միակն է, որն արժանանում է այս արտոնությանը, մեքենայի մյուս վեց ուղևորները մնում են գերության մեջ։
Աբդուլաևին հետ են տանում Բերդիանսկի անցակետ, որտեղ նրան ձերբակալել էին, և ասում են, որ ազատ է, կարող է գնալ: Բայց մինչ ազատ արձակվելը նրան մոտենում է «Նաչալնիկը», որը նրան տալիս է մի հին բջջային հեռախոս։ «Եթե քեզ կանգնեցնեն ճանապարհին կամ անցակետում, զանգիր ինձ»,- ասում է նա Աբդուլլաևին և հավելում, որ պետք է զանգահարի նաև իր ընկերոջը՝ Այխան Հաջիբեյլիին, որը, ըստ երևույթին, իրեն սպասում էր Ուկրաինայի կողմից վերահսկվող Զապորոժիե քաղաքում։
Երբ նա բացում է հեռախոսի էկրանը, իհարկե, տեսնում է միայն երկու հեռախոսահամար. մեկը, ըստ երևույթին, «Նաչալնիկինը», իսկ մյուսը՝ Հաջիբեյլիինը, որի հետ նա սովորել էր Մարիուպոլում։ Թե ինչու ռուսներն ունեին իր ընկերոջ հեռախոսահամարը, չափազանց հոգնած ու հյուծված էր դրա մասին մտածելու համար։
Նա հետո միայն պիտի իմանար, երբ արդեն ապահով էր, թե ինչ էր իրականում տեղի ունեցել։ Իր անհետանալուց հետո Հաջիբեյլին փորձել էր զանգահարել Աբդուլաևին և պարզել, թե ինչ է տեղի ունեցել, և «Նաչալնիկն» էր պատասխանել հեռախոսազանգին։
Հաջիբեյլին OC Media-ին ասել է, որ ավելի քան քսան օր ինքն ու Մարիուպոլի պետական համալսարանի մեկ այլ ադրբեջանցի ուսանող նամակագրության մեջ են եղել «Նաչալնիկի» հետ․ նրանք օգտագործել են իրենց ընդհանուր մահմեդական հավատքը և այն փաստը, որ Ռամադան էր, որպեսզի հարաբերություններ հաստատեն նրա հետ և կապի մեջ պահեն նրան։
«Մենք կարողացանք չեչեն զինվորականներին բացատրել, որ Հուսեյնն իսկապես ուսանող է և կապ չունի քաղաքական կամ ռազմական հարցերի հետ»,- բացատրել է Հաջիբեյլին:
Անցակետից, որտեղ նրան ազատ էին արձակել, Հուսեյն Աբդուլլաևը ավտոստոպով Զապորոժժիա է հասել ապրիլի 13-ին։
«Հուսեյնի դեմքի ժպիտը, հուզմունքը հնարավոր չէ նկարագրել,- հիշում է Հաջիբեյլին իրենց վերամիավորման մասին,- Մենք գրկեցինք միմյանց, և նա ուրախությամբ ինձ ասաց, որ կարծում էր, թե այլևս երբեք չի կարողանա խոսել իր մայրենի լեզվով, որ այլևս չի կարողանա գրկել իր ընկերներին»։
«Ես աշխարհի ամենաազատ և ամենաերջանիկ մարդն եմ»,- Հաջիբեյլին հիշում է, թե ինչպես էր լաց լինելով ասում իր ընկերը։