Մայիսի սկզբին Բրյուսելում նախատեսվում է հայ-ադրբեջանական հանդիպում․ Ալիև

Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների միջև հանդիպում նախատեսվում է անցկացնել մայիսի սկզբին՝ Բրյուսելում։ Այս մասին Բաքվում անցկացվող միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, փոխանցում է Moscow-baku.ru-ն։

Ադրբեջանի նախագահը, սակայն, չի մանրամասնել, թե ինչ մակարդակով կանցկացվի հանդիպումը։

Ալիևն ընդգծել է Եվրամիության, մասնավորապես, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ակտիվ դերակատարությունը Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործում։ Նա հիշեցրել է, որ ԵՄ միջնորդությամբ արդեն տեղի են ունեցել երկու եռակողմ հանդիպումներ:

«Մայիսի սկզբին կրկին Բրյուսելում Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների հանդիպում անցկացնելու պլաններ կան»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

Իլհամ Ալիևը նշել է, որ բարձր է գնահատում Եվրամիության դերը Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործում․ «Մեզ համար Եվրոպական Միությունը շատ կարևոր գործընկեր է։ Եթե հիմա Մինսկի խումբը չի գործում, մենք կարծում ենք, որ ԵՄ-ն կարող է իր դերը խաղալ կարգավորման գործընթացում»։

Նա հույս է հայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև լավ հարաբերություններ կստեղծվեն․ «Մենք դա ուզում ենք։ Մենք կարող ենք դա անել՝ հենվելով խաղաղ օրակարգի, տնտեսության վրա։ Ամեն տարի միլիարդավոր դոլարներ զենք գնելուն ուղղելու փոխարեն, դրանք կարող ենք ծախսել տնտեսության վրա»։

«Մենք լսել ենք, որ Հայաստանի կառավարությունը հայտարարել է խաղաղության օրակարգի մասին։ Սա շատ կարևոր հարց է։ Միևնույն ժամանակ, մենք պետք է կոնկրետ աշխատանք կատարենք, միջոցներ ձեռնարկենք»,- ասել է նա։

Trend.az-ի փոխանցմամբ՝ Ալիևը նշել է նաև, որ դրական ազդակներ են ստանում Ղարաբաղի հայերից։

Մեկնաբանել