Մայիսի 13-ին Դուշանբեում կհանդիպեն Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները

ararat-mirzoyan-sergey-lavrov

Ապրիլի 29-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։

Ըստ հաղորդագրության՝ Միրզոյանը համաձայնություն է հայտնել մայիսի 13-ին Դուշանբեում կայանալիք ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում անցկացնելու ռուսական կողմի առաջարկին:

«Զրուցակիցները գոհունակություն են հայտնել ՀՀ վարչապետի ՌԴ պաշտոնական այցի արդյունքների կապակցությամբ, վերահաստատել կողմերի հանձնառությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ապրիլի 19-ի համատեղ հայտարարության դրույթներին: ԱԳ նախարարները քննարկել են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ստանձնած պարտավորությունների իրականացման ընթացքը, անդրադարձ կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ձևավորմանը»,- ասված է հաղորդագրությունում։

ԱԳՆ-ից տեղեկացնում են նաև, որ Արարատ Միրզոյանը վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների, Ադրբեջանի հետ խաղաղության համապարփակ պայմանագրի շուրջ բանակցությունների վերաբերյալ։

***

Ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։

Հանդիպման արդյունքներով ձեռք է բերվել պայմանավորվածություն` 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռք բերված համաձայնության համաձայն` մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որը օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով:

Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը արտաքին գործերի նախարարներին հանձնարարել են մեկնարկել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները:

Մեկնաբանել