Մինսկի խմբի անորոշ ճակատագիրը. ով ինչ է ասում

Հովհաննես Նազարեթյան, CivilnetCheck

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 8-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ Մոսկվայում հանդիպումից հետո լրագրողներին ասել էր, որ ԱՄՆ-ը և Ֆրանսիան «չեղարկել են» ԵԱՀԿ Մինսկի խմբի եռյակը։

«Չգիտեմ, թե ինչպիսին կլինի (Մինսկի խմբի – խմբ.) ապագան։ Այս խմբի ֆրանսիացի և ամերիկացի «գործընկերները» ռուսաֆոբ մոլեգնած վիճակում, փորձելով չեղարկել Ռուսաստանին վերաբերող ամեն ինչ, չեղարկեցին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների «եռյակը»։ Նրանք հայտարարեցին, որ այս ձևաչափով մեզ հետ չեն շփվելու։ Դա իրենց իրավունքն է։ Եթե ​​նրանք պատրաստ են զոհաբերել կարգավորման շահերը Լեռնային Ղարաբաղում և ընդհանրապես Անդրկովկասում (տվյալ դեպքում՝ հայկական կողմի), դա նրանց ընտրությունն է»,- ասել էր Լավրովը։

Օրեր անց՝ ապրիլի 14-ին, ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարեց, որ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևը կշարունակի իր աշխատանքը նոր պաշտոնում՝ որպես Ռուսաստան ԱԳ նախարարի՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ։

Մինսկը խումբը՝ հետպատերազմական ճգնաժամի մեջ

2020-ի 44-օրյա պատերազմի ավարտից հետո ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտնվեց անորոշ վիճակում, բայցևայնպես, մինչև 2022-ի փետրվարը՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումը, ձևաչափը պահպանվում էր։ 2020-ի նոյեմբերից հետո Մինսկի խումբը, այդ թվում՝ համանախագահ երկրների արտգործնախարարները, տարածել են 13 հայտարարություն։ Վերջին համատեղ հայտարարությունը եղել է 2021-ի դեկտեմբերի 7-ին։

Հետպատերազյան շրջանում Հայաստանի իշխանությունները փորձել են մշտապես շեշտել Մինսկի խմբի դերը, իսկ Ադրբեջանը՝ հակառակը։ Պատերազմից հետո համանախագահների տարածաշրջան առաջին այցի ժամանակ՝ 2020-ի դեկտեմբերին, Փաշինյանը կարևորել էր Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում բանակցությունների վերականգնումը։ 2021-ի հուլիսին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպումից հետո Փաշինյանը հայտարարել էր, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը «հնարավոր է միայն բանակցությունների միջոցով՝ միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում»։

Իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատերազմի ավարտից մեկ ամիս անց համանախագահների հետ հանդիպմանն արդեն խոսում էր Մինսկի խմբի անարդյունավետության մասին։ «Ցավոք, Մինսկի խումբը ոչ մի դեր չի խաղացել հակամարտության կարգավորման գործում, սակայն Մինսկի խումբը դա անելու մանդատ ուներ 28 տարի»,- ասել էր Ալիևը։ Այլ առիթներով ևս Ալիևը խիստ քննադատության է ենթարկել Մինսկի խմբին։ Օրինակ՝ 2021-ի ապրիլին Բելառուսում նա ասել էր. «Մինսկի խումբը կա, բայց հակամարտությունը լուծված է։ Թե ինչ է անելու Մինսկի խումբը, մեզ դեռ հայտնի չէ»։ Իսկ այս տարվա ապրիլի 22-ին Շուշիում կայացած Աշխարհի ադրբեջանցիների հինգերորդ համագումարին Ալիևը պնդեց, որ Մինսկի խումբը ստեղծվել է ոչ թե Ղարաբաղյան հակամարտությունը լուծելու, «այլ օկուպացիան հավերժացնելու համար»։

Հատկանշական է, որ չնայած Մինսկի խմբի գործունեության շարունակականությունն ապահովելու հայկական կողմի ջանքերին, երբ 2020-ի դեկտեմբերին ամերիկացի և ֆրանսիացի համանախագահները այցելեցին տարածաշրջան, նրանք չհանդիպեցին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, քանի որ այն չեղարկվել էր հայկական կողմի նախաձեռնությամբ։

Նշանակալից է, որ պատերազմի ավարտից հետո երեք համանախագահները համատեղ չեն այցելել տարածաշրջան։ Եղել են միայն առանձին-առանձին այցեր։

Փաշինյանի արձագանքը

Լավրովի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների «եռյակը» չեղարկվելու մասին հայտարարությանը ապրիլի 22-ի կառավարության նիստում անուղղակի պատասխանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Խոսելով ապրիլի 19-20-ին Ռուսաստան իր այցի մասին՝ Փաշինյանը պնդեց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքում ընգծվել է Մինսկի խմբի համանախագահության միջազգային մանդատի կարևորությունը Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման համատեքստում։

«Եվ եթե արձանագրենք, որ մոսկովյան այցի նախորդող օրերին Հայաստան էին այցելել ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի, ֆրանսիացի և ամերիկացի համանախագահները, կարող ենք ասել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության լուծարման մասին գնահատականները հիմնավորված չեն»,- ասաց Փաշինյանը։

Փաշինյանը հղում էր անում ապրիլի 19-ին Պուտինի հետ ստորագրած համատեղ հայտարարությանը, որի 24-րդ կետում նշվում է, որ կողմերը Ղարաբաղյան խնդրի կարգավորման համատեքստում «հաստատեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի ներուժի և փորձի օգտագործման կարևորությունը՝ նրա միջազգային մանդատին համապատասխան»։

Իսկ համանախագահները Հայաստան այցելել են հետևյալ հերթականությամբ՝ ռուսաստանցի Իգոր Խովաևը՝ մարտի 28-ին, ֆրանսիացի Բրիս Ռոքֆոյը՝ ապրիլի 14-ին և ամերիկացի Էնդրյու Շոֆերը՝ ապրիլի 18-ին։

ԱՄՆ հակադարձումը

Ապրիլի 14-ին ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը ճեպազրույցի ժամանակ պատասխանել էր Լավրովի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների «եռյակը» չեղարկելու վերաբերյալ հայտարարությանը. «Ես չեմ կարող խոսել այն դերի մասին, որը կարող է խաղալ Ռուսաստանը։ Մենք պատրաստ ենք ներգրավվել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ կամ համախոհ գործընկերների հետ, այդ թվում՝ ԵԱՀԿ մեխանիզմի միջոցով»։

Իսկ Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում լրագրողներին հայտնել էր, որ Լավրովի հայտարարությունը չի արտացոլում Միացյալ Նահանգների մոտեցումը հարցի շուրջ։ «Մենք կարծում ենք, որ այդ ձևաչափով հնարավորություններ կան ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ»,- ասել էր Թրեյսին։

Հատկանշական է, որ ԱՄՆ պետդեպը և Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ապրիլի 19-ին ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերին, որը Հայաստանում էր այդ ժամանակ, ներկայացրել էին որպես Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական։ Սակայն «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ ԱՄՆ դեսպանատունը հայտնել էր, որ այդ պաշտոնում նրա պարտականությունները ներառում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի գործառույթներ կատարելը և ղեկավարելն ԱՄՆ պատվիրակությունը՝ Ժնևի միջազգային քննարկումներում վրաց-ռուսական հակամարտության վերաբերյալ։

Միևնույն ժամանակ, Ֆրանսիայի ԱԳՆ-ն Մինսկի խմբի իր համանախագահին ապրիլի 26-ի հաղորդագրության մեջ անվանում է ԵՄ Արևելյան գործընկերության հարցերով Ֆրանսիայի դեսպան։

Փաստացի, 44-օրյա պատերազմից հետո ակնհայտ դարձավ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը հայտնվել է անորոշ վիճակում։ Ուկրաինայում պատերազմից հետո Մինսկի խմբի ճգնաժամն արդեն ավելի տեսանելի է։

Մեկնաբանել