Պաշտպանության նախարարն այցելել է մարտական հենակետեր

Ապրիլի 29-ին, աշխատանքային այցի շրջանակում, Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկը, հաղորդում է ՀՀ ՊՆ-ն։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծանոթացել է զորամասում ընթացող շինարարական և հիմնանորոգման աշատանքներին, մոդուլային տիպի շինություններում զինծառայողների համար ստեղծված կենցաղային պայմաններին։

«Սուրեն Պապիկյանը եղել է նաև սահմանագոտու մարտական հենակետերում, ծանոթացել մարտական հերթապահության կրման պայմաններին, զրուցել դիրքապահ զինծառայողների հետ։ Պաշտպանության նախարարն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել մարտական դիրքերի ու ենթակառուցվածքների անվտանգության ապահովման և տեխնիկական հագեցման խնդիրներին, տվել համապատասխան ցուցումներ և հանձնարարականեր՝ իրականացվող ամրաշինական և կահավորման աշխատանքները պատշաճ որակով և սեղմ ժամկետներում ավարտին հասցնելու վերաբերյալ»,- ասված է հաղորդագրությունում։