«Բորժոմին» դադարեցնում է արտադրությունը՝ ուկրաինական պատերազմի պատճառով

բորժոմի

Թաթա Շոշիաշվիլի, OC Media

IDS Borjomi Georgia ընկերությունը անորոշ ժամանակով դադարեցրել է արտադրությունը՝ պատճառաբանելով ուկրաինական պատերազմի պատճառով առաջացած «դժվարությունները»: Ընկերության մեծամասնական բաժնետեր, ռուս օլիգարխ Միխայիլ Ֆրիդմանը ներառվել է Արևմուտքի պատժամիջոցների ցուցակում:

IDS Borjomi-ն՝ Վրաստանում հանքային ջրերի արտադրության խոշորագույն անուններից մեկը, հայտարարել է ուրբաթ օրվանից գործունեությունը «ժամանակավոր» դադարեցնելու մասին: Հայտարարությունում ընկերությունը մատնանշում է արտահանման շուկաների խափանումները, ինչպես նաև բանկային հաշիվներին հասանելիության բացակայությունը:

«Ընկերության արտադրանքի իրացման հիմնական շուկաներում ստեղծված բարդ իրավիճակին գումարվել է բանկային հաշիվների սահմանափակ հասանելիությունը, ինչը զրկել է ընկերությանը արտարժույթով եկամուտներ ստանալու և պարտատերերին վճարելու հնարավորությունից»,- նշվում է հաղորդագրությունում։

Ռուսաստանը և Ուկրաինան «Բորժոմի» ներմուծող երկրների թվում առաջատարն են։

IDS Borjomi ընկերության ղեկավարությունն աշխատակիցներին մի քանի «լուծումներ» է առաջարկել՝ առանց հստակեցնելու մանրամասները։ Ընկերությունը OC Media-ին հաստատել է, որ ծրագրում է աշխատողներին վճարել հաջորդ ամսվա համար։ Այնուամենայնիվ, գյուղատնտեսության, առևտրի և արդյունաբերության աշխատողների արհմիությունը՝ «Լեյբորը», հայտարարել է, որ ընկերության և նրա մոտ 400 աշխատակիցների միջև որևէ համաձայնություն ձեռք չի բերվել:

Աշխատատեղերի կորուստը մեծ հարված կհասցնի 11 000 բնակչություն ունեցող Բորժոմի քաղաքին:

Alfa Group-ը, որը պատկանում է ռուս օլիգարխ Միխայիլ Ֆրիդմանին, վերահսկիչ բաժնեմաս ունի IDS Borjomi-ում և տիրապետում է նրա բաժնետոմսերի առնվազն 60 տոկոսին։ Ներդրումային հոլդինգը 2013-ին ձեռք էր բերել վրացի հանգուցյալ գործարար և օլիգարխ Բադրի Պատարկացիշվիլիի ընտանիքի բաժնեմասը։

Ֆրիդմանը Արևմուտքի պատժամիջոցների հարվածի տակ է հայտնվել Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման առաջին օրերից։ Մարտի 15-ին Միացյալ Թագավորությունը, որտեղ ռուս օլիգարխը ներկայում բնակվում է, նույնպես պատժամիջոցներ է սահմանել նրա դեմ:

Forbes-ի տվյալներով՝ 2021-ին Ֆրիդմանը Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցուցակում 11-րդն էր՝ 15,5 միլիարդ դոլար գնահատված կարողությամբ։

Մեկնաբանել