Կարգավիճակի հարցի առկախումը՝ միակ իրատեսական լուծումը

karabakh

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 22-ի կառավարության նիստին ամփոփեց Ռուսաստան կատարած իր երկօրյա պաշտոնական այցի արդյունքները՝ անդրադարձ կատարելով նաև Ղարաբաղյան հարցին:

Փաշինյանը, մասնավորապես, նշեց, որ այս պահին բանակցային սեղանին դրված որևէ փաստաթուղթ կամ նույնիսկ սևագիր չկա: Նա հավելեց, որ Ռուսաստան կատարած այցի մանրամասների վերաբերյալ տեղեկացրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին: Փաշինյանը հայտարարեց, որ Արցախի ապագայի վերաբերյալ որևէ փաստաթուղթ ստորագրելուց առաջ լայն քննարկումներ կանցկացնի արցախյան հանրության բոլոր շերտերի հետ:

Ապրիլի 25-ին ԼՂՀ կառավարության ընդլայնված նիստի ընթացքում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նշեց, որ Փաշինյանի կողմից արված այդ հայտարարությունը նրանց միջև վերջին շրջանում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում ձեռք բերված որոշման արդյունքն է:

Հատկանշական է, որ այս հայտարարությունները արվում են Փաշինյանի ռուսաստանյան այցից հետո: Այցի ընթացքում, անշուշտ, քննարկվել են կարգավորման գործընթացում տեղի ունեցած վերջին զարգացումները, ինչպես նաև Փաշինյանի հայտարարությունները Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում նշաձողի իջեցման անհրաժեշտության մասին:

Ակնհայտ է, որ ռուսական կողմը շահագրգռված չէ, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում կողմերը որևէ վերջնական լուծման հասնեն, քանի որ երկարաժամկետ կտրվածքով դա նպաստելու է Լեռնային Ղարաբաղում ռուսական ռազմական ներկայության ավարտին: Սա մեծ հաշվով եղել է Ռուսաստանի դիրքորոշումը նաև Ղարաբաղյան երկրորդ պատերազմից առաջ:

Հատկանշական է նաև, որ վարչապետ Փաշինյանը ռուսաստանյան իր այցի ընթացքում նշել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կարևոր համաձայնություններ են ձեռք բերվել Լեռնային Ղարաբաղում անվտանգության ապահովման հարցով:

Ապրիլի 25-ին այս հայտարարության տրամաբանությունից բխող պնդում էր արել նաև Արայիկ Հարությունյանը: Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակիցների հետ հանդիպման ընթացքում նա նշել էր, որ առաջիկայում բացառում է լոկալ մարտական գործողությունների մեկնարկը:

Այսպիսով, տեսնում ենք, որ Ղարաբաղյան հարցում Հայաստանի իշխանությունների հայտարարությունների շեշտադրումներում Փաշինյանի ռուսաստանյան այցից հետո որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել: Սա հավանաբար պայմանավորված է Մոսկվայի կողմից Փաշինյանին փոխանցված որոշակի մեսիջներով: Ինչպես արդեն նշեցինք, Ղարաբաղի կարգավիճակի հարցում հապճեպ որոշումները չեն բխում Ռուսաստանի շահերից:

Պետք է արձանագրել, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում Ռուսաստանի այս դիրքորոշումը բխում է Հայաստանի շահերից: Այս փուլում կարգավիճակի հարցի առկախումը միակ իրատեսական տարբերակն է, որը կարող է ինչ-որ պայմաններ ստեղծել Արցախում հայ բնակչության պահմանման համար: Այս մոտեցման հակառակորդները հաճախ հակադարձում են, որ կարգավիճակը առկախելու դեպքում որևէ երաշխիքներ չկան, որ ապագայում ավելի վատ տարբերակներ ստիպված չենք լինելու ընդունել: Այնուամենայնիվ, սա բավականին թույլ փաստարկ է, քանի որ կարգավիճակի հարցի առկախման այլընտրանքը Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ինչ-որ կարգավիճակով ճանաչելն է: Իսկ սա հանգեցնելու է կարճաժամկետ կամ երկարաժամկետ կտրվածքով Արցախի երաշխավորված հայաթափմանը:

Ավելին, ակնհայտ է նաև, որ Ադրբեջանի համար ընդունելի չէ նույնիսկ կարգավիճակի հարցում Երևանի իջեցրած նշաձողը, իսկ միջնորդները մինչ այժմ չեն կարողանում համոզել Բաքվին հրաժարվել իր առավելապաշտական մոտեցումներից: Այդ մասին օրեր առաջ հայտարարել էր նաև ՌԴ արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան՝ նշելով, որ կարգավիճակի թեմայի շուրջ Բաքվի ու Երևանի միջև սկզբունքային տարաձայնություններ կան:

Բանակցությունների այս փուլում Լեռնային Ղարբաղի կարգավիճակի հարցը մի կողմ դնելու առաջարկություն է արել նաև Ղարաբաղյան հակամարտությամբ զբաղվող ամենահեղինակավոր միջազգային կազմակերպություններից մեկը՝ Միջազգային ճգնաժամային խումբը: Ճգնաժամային խումբը օրեր առաջ «Լեռնային Ղարաբաղ․ փնտրելով ճանապարհ դեպի խաղաղություն Ուկրաինիայի պատերազմի ստվերում» վերտառությամբ տեղեկագիր է հրապարակել: Տեղեկագրի մեջ, մասնավորապես, նշվում է․

«Այս պայմաններում ամենախոստումնալիցը կարող է լինել այն ռազմավարությունը, որի վրա միջնորդները հիմնվում էին մինչ այսօր․ քաջալերել կողմերին աշխատել միմյանց հետ պակաս զգայուն հարցերի շուրջ, ինչպիսին է տնտեսական կապերի վերականգնումը, միևնույն ժամանակ, դանդաղ որոնելով դեպի ավելի երկարաժամկետ համաձայնագիր տանող ուղին: Հայաստանի ու Ադրբեջանի պետական սահմանի դեմարկացիան ևս ուշադրություն է պահանջում: Այս հարցերի վրա կենտրոնացումը կարող է չհեշտացնել հայ-ադրբեջանական վեճի հիմքում ընկած խնդրի՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի հանգուցալուծումը: Այնուամենայնիվ, եթե կողմերը կարող են շարունակել խոսել, այլ ոչ թե կռվել, հետագայում ավելի բարդ հարցերի լուծման համար անհրաժեշտ մթնոլորտը միգուցե ևս կբարելավվի»:

Ստեղծված իրավիճակում սա առաջ շարժվելու միակ իրատեսական ու խելամիտ տարբերակն է: Միջազգային ճգնաժամային խումբը ազդեցիկ կառույց է, որը վերջին տասնամյակների ընթացքում մեծ դեր է ունեցել Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ միջազգային հանրության պատկերացումների ձևավորման գործընթացում: Այդ առումով Հայաստանը պետք է օգտագործի ինչպես Ռուսաստանի դիրքորոշումը, այնպես էլ Ճգնաժամային խմբի գնահատականը Արցախի հարցում ճակատագրական որոշումներից խուսափելու համար: