Արցախի ԱԱԾ-ն հերքում է Երևանի հանրահավաքին Արցախից մեծաթիվ միացողների լուրը

Երևանում մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, նախատեսված հավաքին մասնակցելու համար Արցախից մեծաթիվ մեկնողների մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում, այս մասին հայտնում է Արցախի Ազգային անվտանգության ծառայությունը։

«Այսօր տարբեր լրատվամիջոցներով և սոցիալական ցանցերի տարբեր օգտատերերի կողմից լուրեր են տարածվել այն մասին, որ իբր արցախցիները ևս մեկնում են Երևան՝ այսօր նախատեսված հավաքին մասնակցելու համար: Թեև Արցախից Հայաստանի Հանրապետություն մեկնելու որևէ արգելք Արցախում սահմանված չէ, այդուհանդերձ ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարում է, որ վերջին օրերին Արցախից ՀՀ մեկնող տրանսպորտային միջոցների և անձանց թվի որևէ նշանակալի փոփոխություն չի արձանագրվել»,- ասված է ԱԱԾ հաղորդագրությունում։

Այսօր՝ ժամը 16-ին, Երևանում՝ Ֆրանսիայի հրապարակում ընդդիմությունը հրավիրում է հանրահավաք։ Մինչ այդ Հայաստանի չորս մարզերից մեկնարկել էր «Դիմադրության շարժման» երթը։

Մեկնաբանել