Ոստիկանությունը հայտնում է՝ Երևանի բոլոր ճանապարհները բաց են ու երթևեկելի

11:50

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ մայրաքաղաքի բոլոր ճանապարհները բաց են ու երթևեկելի:

«Այսօր առավոտից մայրաքաղաքի երեք տասնյակ խաչմերուկներ փակվել էին քաղաքացիների կողմից: Ոստիկանության ծառայողներն արագորեն վերականգնել են երթևեկությունը: Ներկայումս մայրաքաղաքում բոլոր ճանապարհները բաց են ու երթևեկելի»,- ասված է հայտարարությունում։

***

11:25

Այսօր՝ մայիսի 2-ին, ժամը 18:00-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա «Դիմադրության» շարժման հանրահավաքը։

***

10:50

Ոստիկանության լրատվական բաժնից ՍիվիլՆեթին հայտնեցին, որ մայրաքաղաքի տարբեր հատվածներից կան 125 բերման ենթարկվածներ:

***

«Դիմադրության» շարժման ցուցարարներն այսօր առավոտվանից փակել են Երևանի մի շարք կենտրոնական փողոցներ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության գործողություններին մասնակցում են ինչպես «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչներ, այնպես էլ այլ խմբեր ու քաղաքացիներ։

Ըստ «Հայաստան» խմբակցությունից դաշնակցական պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի՝ ժամը 10:00-ի դրությամբ պարալիզացված են հետևյալ փողոցներն ու խաչմերուկները․

Պռոշյան-Հրազդանի կիրճ,

Բաղրամյան-Պռոշյան,

Տերյան

Աբովյան(Պլանի գլուխ)

Հերացի

Կորյուն-Հերացի-Խանջյան,

Սայաթ-Նովա-Չարենց,

Երվադ Քոչար-Վարդանանց,

Տիգրա Մեծ-Երվանդ Քոչար,

Արշակունյաց-Ագաթանգեղոս-Գրիգոր Լուսավորիչ,

Հաղթանակի կամուրջ:

Ցուցարարները փողոցներն ու խաչմերուկները փակում են օգտագործելով նաև աղբամաններ և նստարաններ։

Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում տեղի է ունեցել ընդդիմության հանրահավաքը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիրներն իրենց պայքարը կոչել են «Դիմադրության շարժում»։ Նրանք վրաններ են տեղադրել Ֆրանսիայի հրապարակում և հայտարարել են անժամկետ նստացույցի մասին։

«Հայաստան» խմբակցությունից դաշնակցական պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ մայիսի 2-ի ժամը 8։30-ից սկսում են անհնազանդության գործողություններ իրականացնել․ «Վաղը հանրապետության բազմաթիվ փողոցներ, մայրուղիներ լինելու են փակ։ Կենտրոն համայնքում որևէ մեքենայի շարժ չպետք է լինի»,- ասել էր նա։

Մեկնաբանել