Ապօրինի հրազեն փոխադրող երեք քաղաքացիները ձերբակալվել են

Հրազեն փոխադրելու կասկածանքով Մեղրի-Երևան ճանապարհից բերման ենթարկված երեք քաղաքացիները ձերբակալվել են, հայտնում է Քննչական կոմիտեն։

«Մայիսի 1-ին՝ ժամը 06:40-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 200-րդ կիլոմետրի հատվածում տեղադրված հենակետում կատարված ստուգմամբ ոստիկանության կողմից «Acura» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել են «РПК» տեսակի «КП 3310» և «СО 7446» համարների հրազեններ, երկու պահունակ՝ լիցքավորված 45 և 23 հատ 5.45 մմ տրամաչափի մարտական փամփուշտներով, ինչպես նաև 8 հատ դատարկ պահունակ: Հիշյալ ավտոմեքենայի՝ 1974թ. ծնված վարորդը և երկու ուղևորները բերման են ենթարկվել ոստիկանության բաժին՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք փոխադրելու կասկածանքով։ Վերջիններս ձերբակալվել են»,- ասված է հաղորդագրությունում։

Կոմիտեից տեղեկացնում են նաև, որ ձեռնարկվում են միջոցառումներ՝ հրազենի, ռազմամթերքի ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ:

Մեկնաբանել