Վարչապետին անվստահություն հայտնելու սահմանադրական «պատուհանն» այս պահին փակ է

«Մենք կվերադառնանք խորհրդարան մեր օրակարգով»,- մայիսի 1-ի հանրահավաքին հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ընդդիմադիր պատգամավոր Իշխան Սաղաթելյանը: «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վենցյանն էլ ասել էր․ «Իշխանափոխությունը խորհրդարանում տեղի կունենա փողոցի ճնշման տակ։ Եվ մեզ մեր մանդատները պետք կգան՝ գործը մինչև վերջ հասցնելու համար»։

Մինչդեռ գործնականում իշխանափոխություն խորհրդարանում առաջիկա երեք ամիսների ընթացքում տեղի ունենալ չի կարող, նախևառաջ՝ Սահմանադրության արգելքի պատճառով։

Այս պահին իշխանափոխության երկու իրատեսական ճանապարհ կա՝ Ազգային ժողովն անվստահություն է հայտնում վարչապետին կամ վարչապետը հրաժարական է ներկայացնում։

Սահմանադրության համաձայն՝ «վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ կարող է ներկայացնել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը միայն այն դեպքում, եթե որոշման նախագծով միաժամանակ առաջարկվում է նոր վարչապետի թեկնածու» (Հոդված 115-ի 1-ին կետ)։ Տվյալ դեպքում ընդդիմությանը հնարավորություն է ստեղծվում ապահովել «մեկ երրորդը», ներկայացնել անվստահություն հայտնելու որոշումը խորհրդարանին՝ «Հայաստան», «Պատիվ ունեմ» խմբակցությունների և որևէ խմբակցությունում չընդգրկված մեկ պատգամավորի (Իշխան Զաքարյան) ձայների շնորհիվ։

Այլ հարց է, որ այդ նախագիծը հաստատել ընդդիմությունը սեփական ուժերով չի կարող, քանի որ «որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ անվանական քվեարկությամբ» (Հոդված 115-ի 2-րդ կետ):

Եթե անգամ ընդդիմությանը հաջողվի համաձայնության գալ իշխող ուժի պատգամավորների հետ (անհրաժեշտ է շուրջ երկու տասնյակ պատգամավոր), այս փուլում վարչապետին անվստահություն հայտնել գործնականում չի ստացվի, քանի որ Սահմանադրությունը հստակ ամրագրում է՝ «վարչապետին անվստահություն կարելի է հայտնել նրա նշանակումից ոչ շուտ, քան մեկ տարի հետո» (Հոդված 115-ի 3-րդ կետ)։

Նիկոլ Փաշինյանը վարչապետ է նշանակվել 2021-ի օգոստոսի 2-ին, այսինքն՝ նրան անվստահություն հայտնելու պատուհանը բացվում է 2022-ից օգոստոսի 2-ից հետո։

Ուշագրավ է, որ ընդդիմությունը խոսում է մի քանի օրում իշխանափոխություն իրականացնելու մասին, իսկ մայիսի 3-ից սկսվելու է Ազգային ժողովի հերթական նիստը, սպասվում է նաև Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանը։ Այս պայմաններում ընդդիմությանը մնում է մեկ տարբերակ՝ ստիպել, որ Նիկոլ Փաշինյանը ինքնակամ հեռանա վարչապետի պաշտոնից։ Իշխանությունից էլ մի քանի անգամ հայտարարել են, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները ընդամենը ամիսներ առաջ են տեղի ունեցել, և նոր ընտրություններ անցկացնելու անհրաժեշտություն չկա։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել