Դասադո՞ւլ, թե՞ խցանումների պատճառով ուշացում. ցուցարարների պնդումներն անհիմն են

Հայկ Հովհաննիսյան,

#CivilNetCheck

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ նախաձեռնած Իշխան Սաղաթելյանը մայիսի 2-ին՝ ժամը 11:30-ի մոտ, հայտարարել է, որ Երևանի պետական համալսարանի ուսանողների 70-80 տոկոսը դասադուլ է անում։

«…Ակնհայտ է, որ առնվազն պետական համալսարանում, երիտասարդներ կային, որ համալսարանում էին, մոտ 70-80 տոկոսով դասադուլ է, այսինքն՝ շենքերը դատարկ են»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սաղաթելյանը։

Մինչ այդ «Հայաստան» խմբակցության մեկ այլ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութեր էր տեղադրել ԵՊՀ-ից, որոնցում երևում էին դատարակ լսարաններ։ Կից Վարդանյանը գրել էր. «ԵՊՀ-ում դատարկ լսարաններ են։ Ուսանողները մասսայաբար միացել են դասադուլի կոչին։ Այս օրերին գիտակից հայ ուսանողներին փնտրեք Երևանի փողոցներում և հրապարակներում»։ »

Այս գրառումը վերահրապարակել էին News.am-ը, Panorama.am-ը, Yerkir.am-ը և այլն։

«Դիմադրության» շարժման մասնակիցների հայտարարություններին հետևել է «Հայաստան» դաշինքի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր՝ մայիսի 2-ին, ԵՊՀ-ի ուսանողության ընդամենը 15%-ն է մասնակցել դասերին։ Մի շարք կուրսեր դասադուլ են հայտարարել։ Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում «Դիմադրության» շարժումը անհնազանդության լայնամասշտաբ ակցիաներ է իրականացրել, որին նաև մանսակցել են ուսանողները»։

Այս պնդումներին արձագանքել է Երևանի պետական համալսարանը՝ պարզաբանելով, որ «դասապրոցեսն ընթանում է բնականոն հունով»։

«Առաջին դասաժամերի ընթացքը որոշ ֆակուլտետներում մասամբ խաթարվել էր, քանի որ փողոցները խցանված են, և պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների մի մասը չէր կարողացել ժամանակին հասնել համալսարան»,- նշել էին ԵՊՀ-ից։

ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը` CivilNetCheck-ը, այցելեց ԵՊՀ-ի մասնաշենքեր՝ հասկանալու իրավիճակը։

Բազմաթիվ ուսանողներ հայտնեցին, որ առավոտյան՝ առաջին ժամին, չեն կարողացել ներկա գտնվել դասերին՝ խցանումների պատճառով։ Դասախոսները ևս նշեցին, որ առաջին ժամին ուսանողների թիվը քիչ է եղել, սակայն ավելի ուշ եկել են դասի։

CivilNetCheck-ի լրագրողները շրջել են լսարաններով և արձանագրել, որ դասապրոցեսն ընթանում է բնականոն հունով։

Նշենք, որ ընդդիմությունը մայիսի 2-ի առավոտից անհնազանդության ակցիաներ է իրականացնում Երևանում՝ փակելով մի շարք փողոցներ․ ակցիաները հանգեցրել են մեծ խցանումների։

Թե որքան ուսանող է մասնակցում այս օրերին ընթացող ցույցերին՝ անհայտ է։ Սակայն Իշխան Սաղաթելյանի պնդումը, թե « ԵՊՀ-ի լսարանները դատարկ են, քանի որ ուսանողների 70-80 տոկոսը դասադուլ է անում», անհիմն է։

Մեկնաբանել