Չավուշօղլուն խոսել է ազգայնական ժեստ ցույց տալու և առաջիկա հայ-թուրքական հանդիպման մասին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն, լրագրողների հետ զրույցում ամփոփելով Լատինական Ամերիկա կատարած իր այցերը, անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերություններին՝ խոսելով հատուկ ներկայացուցիչների առաջիկա երրորդ հանդիպման մասին։

«Այդ հանդիպմանը քննարկվելու են տարբեր հարցեր, որոնց ուղղությամբ առաջիկայում քայլեր են ձեռնարկվելու։ Համաձայնություն կա սահմանների վերաճշգրտման հարցում»,- ասել է Չավուշօղլուն:

«Ինչպե՞ս է այն իրականացվելու, կամ արդյոք ընդհանուր հանձանժողո՞վ է ստեղծվելու» հարցադրում անելով՝ Թուրքիայի ԱԳ նախարարը որպես օրինակ է բերել Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընդհանուր հանձնաժողովի ստեղծումը։

Չավուշօղլուն նաև խոսել է Ուրուգվայ կատարած այցի մասին, որի ընթացքում նա Հայոց ցեղասպանության ճանաչման կոչ անող հայ ցուցարարներին ցույց էր տվել թուրք ազգայնական «Գորշ գայլերի» ժեստը։

«Ցուցարարները տգեղ վարք դրևսորեցին, և մենք էլ դրան համարժեք պատասխանեցինք»,- ասաց թուրք դիվանագետը։

Չավուշօղլուն պնդել է, թե Ուրուգվայի իշխանությունները այդ երկրում թուրք դեսպանին վստահեցրել էին, թե ցուցարարներին մոտ չեն թողնի շենքի բացմանը, սակայն խախտել էին խոստումը։

Ապրիլի 23-ին՝ Ուրուգվայ կատարած այցի ընթացքում, Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն մեքենայի պատուհանից ցույց էր տվել ազգայնականների հայտնի ժեստը՝ ի պատասխան հայ ցուցարարների վանկարկումների։

Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի այդ քայլին Երևանից արձագանքեց Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանայնը․ «Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի նախօրեին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի ազգայնական ժեստը՝ ցուցադրված Մոնտեվիդեոյում հայ համայնքի ներկայացուցիչներին, դատապարտելի գործողություն է և ոչ մի կերպ չի նպաստում երկու ժողովուրդների միջև փոխըմբռնման մթնոլորտի և երկխոսության ձևավորմանը։

Ողջունում ենք ուրուգվայական կողմի անհապաղ արձագանքը՝ Թուրքիայի դեսպանին երկրի արտաքին գերատեսչություն կանչը՝ բացատրություններ ներկայացնելու համար»։

Օրերս հայտնի դարձավ, որ Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների երրորդ հանդիպումը կրկին տեղի է ունենալու Վիեննայում։

Գեորգի Միրզաբեկյան

Մեկնաբանել