Ձորաղբյուրցիները բողոքում են տրանսպորտի թանկացման դեմ

Մայիսի 2-ի վաղ առավոտյան քաղաքացիները փակել էին Ջրվեժից դեպի Ձորաղբյուր գյուղ տանող Ամառանոցային փողոցը։ Նրանք, սակայն, վստահեցրին, թե որևէ առնչություն չունեն Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմության հետ։

Ակցիայի մասնակիցները հայտնեցին, թե իրենք Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղից են և պահաջում են վերանորոգել համայնք տանող Ազատության փողոցը, ինչպես նաև նվազեցնել գյուղից Երևան մեկնող երթուղայինի սակագինը։

«Մենք ցույց ենք անում մեր գյուղի՝ Ձորաղբյուրի տրանսպորտի թանկացման, մեկ էլ ճանապարհի համար, ուրիշ ոչ մի բան, քաղաքական ոչինչ չունենք։ Տրանսպորտի ուղեվարձը 200-300 դրամով են թանկացրել»,- ասաց ցուցարարներից մեկը՝ հավելելով, որ գյուղի գլխավոր ճանապարհը ծայրահեղ վատ վիճակում է։

«Մենք քաղաքական ոչ մի պահանջ չունենք։ Պայքարում ենք, որ գյուղի ճանապարհը ասֆալտապատեն. քառասուն տարի մեր ասֆալտին ոչ մեկ ձեռք չի տվել»,- նշեց մեկ այլ ցուցարար։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել