ՔՊ պատգամավորներն ու ՄԻՊ-ը տարակարծիք են ոստիկանների գործողությունների համաչափության հարցում

Անի Գրիգորյան

#CivilNetCheck

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, մայիսի 2-ին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով այսօր իրականացված անհնազանդության ակիցաներին և ոստիկանական ուժերի կողմից որոշ դեպքերում քաղաքացիների նկատմամբ բիրտ ուժի կիրառմանը, պնդեց, թե դա եղել է համաչափ։ Նա նշեց, որ ոստիկաններին վիրավորել են լրագրողները․ «…Ես տեսել եմ, որ այսօր ոստիկանների վրա շիշ են նետել, և այո ես տեսել, որ ոստիկաններն ուժ են կիրառում մարդկանց վրա բերման ենթարկելիս, բայց ոստիկանությունը վստահ եղեք գործում է, կիրառում է համաչափ ուժ և թույլ չի տալու, շատ կոշտ է լինելու անկարգությունների հրահրման դեպքերում»։

Հովհաննիսյանի պնդումը, թե ոստիկանների կողմից կիրառվել է համաչափ ուժ, հակասում է Մարդու իրավունքների պաշտպանի ավելի ուշ հրապարակած

հայտարարությանը, որում արձանագրվում են ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրման մի շարք դեպքեր։

«Նախ, մի շարք լրատվական միջոցներով տարածված տեսանյութի ուսումնասիրությունից երևում է քաղաքացուն բերման ենթարկելիս Ոստիկանության 4-6 ծառայողների կողմից նրա նկատմամբ անհամաչափ ուժի կիրառումը, իսկ մեկ ծառայող էլ բերման ենթարկվող անձի գլխի շրջանում մի քանի հարվածներ է հասցնում»,- նշված է հայտարարությունում։

Ոստիկանության գործողություններին ծավալուն անդրադարձում ՄԻՊ-ը նշում է, որ արձանագրվել են նաև դեպքեր, երբ ոստիկանության ծառայողները, այդ թվում՝ քաղաքացիներին բերման ենթարկելիս, եղել են դիմակներով։ Մինչդեռ, հավաքների կամ քաղաքացիական այլ ակցիաների վայրերում հասարակական կարգն ապահովող ոստիկանների թվում դիմակով կամ քաղաքացիական հագուստով ծառայողներ լինել ՉԵՆ կարող:

«Ոստիկանության կողմից ակցիայի մասնակիցների բերման ենթարկելու գործելակերպերում շարունակել է խնդրահարույց մնալ անհամաչափ ուժի գործադրումը։ Միևնույն ժամանակ, ուսումնասիրված որոշ դեպքերում ակնհայտ է նաև ակցիայի մասնակիցների կողմից տվյալ տարածքում հասարակական կարգի ու անվտանգության ապահովմամբ զբաղվող ոստիկանության ծառայողների նկատմամբ վիրավորական արտահայտություններ անելու, ուսադիրներ ու տարբերանշաններ պոկելու ու այլ սադրիչ վարքագիծը»,- նշում է ՄԻՊ-ը՝ ներկայացնելով անհամաչափ ուժի կիրառման այլ դեպքեր և խախտումներ։

Բացի այդ, ՄԻՊ-ը արձանագրել է նաև դեպքեր, երբ հանրային կարծիքի վրա ազդեցություն ունեցող անձանց կողմից այս կամ այն կերպով փորձ է արվել արդարացնել կամ ողջունել ոստիկանության կամ պետական այլ ծառայողների կողմից անհամաչափ ուժի կիրառման դրսևորումները, ինչը խիստ մտահոգիչ և դատապարտելի է, հաշվի առնելով ինչպես վերջիններիս հանրային մեծ լսարանի առկայությունը, այնպես էլ առկա հանրային լարված տրամադրությունները։

Այսպիսով, Մարդու իրավունքների պաշտպանն իր հայտարարությունում հստակ ներկայացրել է դեպքեր ոստիկանների կողմից անհամաչափ ուժի կիրառման վերաբերյալ, ինչը հակասում է ՔՊ-ական պատգամավորի պնդմանը, թե կիրառված ուժը եղել է համաչափ։

Այսօրվա ընթացքում մի շարք ՔՊ-ական պատգամավորներ՝ Արուսյակ Ջուլհակյանը, Հայկ Կոնջորյանը, Անդրանիկ Քոչարյանը, շնորհակալություն են հայտնել ոստիկանությանը՝ «պրոֆեսիոնալ կերպով հասարակական կարգը պահպանելու և սադրանքներին չտրվելու համար»։

Մեկնաբանել