ՌԴ պետական հեռուստաալիքը փարիզյան ցույցերը ներկայացնում է որպես հայաստանյան

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

Ռուսաստանյան պետական «Ռոսիա 24» հեռուստաալիքը մայիսի 2-ի առավոտյան լուրերի եթերում անդրադարձել է Երևանում ընդդիմության բողոքի ցույցերին։

Եթերի ժամանակ, սակայն, հեռուստաալիքն օգտագործում է կադրեր, որոնք իրականում որևէ կապ չունեն ինչպես այս օրերին ընթացող գործողությունների, այնպես էլ ընդհանրապես Հայաստանի հետ։

Ոչ թե Երևան, այլ Փարիզ և Բեռլին

Տեսանյութի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ տեղանքը և երթի ժամանակ օգտագործվող նշանները կապ չունեն Հայաստանում անցկացվող՝ ընդդիմության ցույցերի հետ։

Հատված «Ռոսիա 24»-ի ռեպորտաժից

Բացի այդ, կադրերում երևում է, թե ինչպես են ոստիկանության և ցուցարարների բախման ժամանակ կիրառվում հատուկ միջոցներ, մինչդեռ վերջին օրերին Երևանում անցկացվող ընդդիմության ցույցերի ժամանակ ո՛չ ոստիկանության, ո՛չ էլ ցուցարարների կողմից նման դեպքեր չեն գրանցվել։


Համացանցում առկա տեսանյութերն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ այս կադրերի մի մասն իրականում Փարիզում այս օրերին անցկացվող բողոքի ցույցերից է. դրանք վերածվել են խոշոր բախումների։ Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ։

Ֆրանսիայի մի շարք քաղաքներում և հատկապես Փարիզում մայիսմեկյան երթերին մասնակցել են տասնյակ հազարավոր քաղաքացիներ՝ կոչ անելով բարձրացնել աշխատավարձերը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հորդորելով հրաժարվել կենսաթոշակային տարիքը բարձրացնելու իր ծրագրից:

Ռուսաստանյան հեռուստաալիքի անդրադարձում օգտագործված այլ կադրերը, այդ թվում՝ երեկոյան ժամին ոստիկանների հետ բախման տեսարանը, վերցված են կրկին մայիսի 1-ին Բեռլին քաղաքում անցկացված ցույցերից։

Մեկնաբանել