Կարինե Սարգսյանը նշանակվել է «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» տնօրեն։
Կարինեն Սարգսյանը Հայաստանի Ամերիկյան Համալսարանի առաջին շրջանավարտներից է․ 1993 թվականին ստացել է Բիզնես կառավարման մագիստրոսի կոչում։ 1994-95թթ-ին շարունակել է իր կրթությունը Կառավարման Մագիստրոսի ծրագրի շրջանակներում ԱՄՆ-ում՝ Իլինոյ նահանգի Նորթվեսթերն համալսարանում՝ որպես Էդմունդ Մասկի կրթաթոշակի ծրագրի հաղթող։ Այդ պահից ի վեր նա զբաղեցրել է բազմաթիվ բարձր ղեկավար պաշտոններ մի շարք հեղինակավոր մասնավոր և հանրային ընկերություններում, ինչպիսիք են Ջոնսոն և Ջոնսոնը, Կոկա-Կոլան, ՄԱԿ-ը, Զարգացման Ավստրիական Գործակալությունը և Հայ-Ամերիկյան առևտրային պալատը։
«Ինձ համար պատիվ է միանալ և առաջնորդել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» հրաշալի թիմը, նաև իմ երախտագիտության տուրքը մատուցել նրանց, ովքեր հանուն մեր հայրենիքի զոհեցին իրենց կյանքը պատերազմում, ինչպես նաև այդ հերոսների ընտանիքներին։ Մենք ջանք չենք խնայի կայուն ֆինանսական աջակցություն ցուցաբերելու և հետագայում բարգավաճելու համար անհրաժեշտ ռեսուրսները տրամադրելու ուղղությամբ։ Հավատացած եմ, որ մեր հերոսների պատմությունները և փորձառությունները մեր հասարակության մեջ ամուր արժեքներ, հավատք և վերաբերմունք կսերմանեն, և Հիմնադրամը կծառայի որպես աշխարհասփյուռ հայերի միավորման կուռ հարթակ՝ արտահայտելու մեր երախտիքը, աջակցությունը և հարգանքը»,- ասված է Կարինե Սարգսյանի ուղերձում։
«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը» անկախ և ապաքաղաքական կառույց է, որը ստեղծվել է 2017 թվականին ապրիլյան քառօրյայից հետո հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհայտ բացակայող, զինհաշմանդամության 1-ին և 2-րդ խմբի մարտիկների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության, կայուն և հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով:
Հիմնադրամի միջոցները գոյանում են Հայաստանում ու Արցախում եկամուտ ստացող անձանց ամսական պարտադիր վճարներից, ինչպես նաև կամավոր նվիրաբերություններից, որոնք ստացվում են աշխարհասփյուռ հայությունից։