Սիրիահայության տագնապը կարող է երկար տևել. Շահան Գանտահարյան

Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանն անդրադարձել է սիրիական իրադարձությունների լուսաբամանը հայկական լրատվամիջոցներում։ Հոդվածում, մասնավորապես, ասվում է.

«Վերջին ամիսներին աննախադեպ առատությամբ հոդվածներ, մեկնաբանություններ, կանխատեսական վերլուծություններ և թելադրական կոչեր են գրվում ու հնչում սիրիահայության մասին: Մինչդեռ Սիրիայի վերջին դեպքերը, սիրիահայությունը համահայկական ուշադրության լուսարձակներից հեռու էր, որոշ առումներով հասկանալի, այսուհանդերձ ոչ արդարացված պատճառներով։ Չմոռանանք, որ սիրիահայությունը մեր դասական, ամենահին գաղութներից և սփյուռքահայ կյանքի մարդուժի հայթայթման կարևոր շտեմարանի փորձ ամբարած ու արտադրողականություն նվաճած շատ կարևոր միջավայր է:

Այս թոհուբոհում ականատես ենք լինում հաճախ արևմտյան քարոզչության ուղղակի հայացման, նրանց լրատվության բառացի կրկնօրինակումների և բնականաբար նրանցից ազդված մեկնաբանությունների: Արդյունքը՝ խուճապային մթնոլորտի տարածումն է, «ժողովրդավարացման» քաղաքականության տարածումի քարոզչության ալիքների տակ ընկնելը և ապալուսաբանումը։

Որոշ լրատվամիջոցներ սիրիահայության նկատմամբ իրենց ցուցաբերած նախանձախնդրությանը չեն կարողացել սահման դնել: Հոդվածագիրներն առաջարկում են ամբողջ սիրիահայությունը տեղափոխել Ջավախք, այնտեղ հատուկ ավան կառուցել՝ միաժամանակ լուծելով թե՛ սիրիահայության և թե՛ Ջավախքի հայաթափման խնդիրը։ Մյուսները գաղափարախոսական հիմք են փորձել հաղորդել օրախնդրին՝ հաստատելով, որ սիրիահայությունը արևմտահայերի շառավիղ է և պետք է վերադառանա Արևմտահայաստան (մոռանալով Կիլիկիան)։

Խնդիրը անշուշտ զերծ չէ նաև ներհայաստանյան քաղաքական շահարկումներից: Իշխանությունները որևէ ձևով պատրաստ չեն ընդունելու հայրենադարձության մասին մտածող սիրիահայերին. հայրենիքից արտագաղթածների դիմաց, ինչպե՞ս կարելի պիտի լինի հայրենադարձություն կազմակերպելը:

Սիրիահայության տագնապը երկրի իրավիճակին հետ կարող է երկար տևել: Հայկական լրատվադաշտը զգոնության, սթափության, արհեստավարժության և թշնամու քայլերը հաշվարկելու հրամայականի առջև է: Հեռու՝ խուճապայնությունից, շահարկումներից և ազդեցության ալիքներին հանձնվելու փորձություններից»:

Մեկնաբանել