Իրական ձեռքբերումն այն կլինի, որ գեղագիտության կենտրոնից դուրս գան այլ որակի քաղաքացիներ. Արամ Մաշուրյան

2014-ից դուք ստանձնել եք Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի՝ Գորիսի մասնաճյուղի տնօրենի պաշտոնը, ի՞նչ ջանքեր եք գործադրել կրթամշակութային այս օջախը ոտքի կանգնեցնելու համար։

Այո՛, 2014թ. ես ստանձնել եմ այդ մասնաճյուղի տնօրենի պաշտոնը։ Առաջին խնդիրը, որն իմ առաջ դրված էր, պայմանների բարելավումն էր, որովհետև, մեղմ ասած, բավականին անմխիթար վիճակ էր, բայց պատվով կարողացել ենք իրականացնել այն բոլոր նպատակները, որոնք նախատեսել էինք։ Կատարված աշխատանքի արդյունքում կենտրոնը ունի շուրջ 230 սան։ Ամեն դեպքում առաջին հայացքից սա կարող է մեծ ձեռքբերում երևալ, բայց իրական ձեռքբերում կլինի այն ժամանակ, երբ կենտրոնից դուրս կգան արդեն այլ որակի քաղաքացիներ. սա ինձ համար առանցքային նշանակության խնդիր է ոչ միայն գեղագիտական կրթություն ստանալը այլ նաև լինել հայրենաճանաչ և յուրահատուկ վերաբերմունք ունենալ աշխատանքին։

Ինչո՞վ է Ձեր կենտրոնը տարբերվում արվեստի դպրոցների ծրագրերից, և նշեք, խնդրեմ, կյանքի երեք հիմնական սկզբունք, որը փոխանցում եք Ձեր սաներին։

Մեր կենտրոնը առաջին հերթին տարբերվում է իր ծրագրով, ես միշտ ջանացել եմ գտնել այն ավանդույթը, որը սկիզբ է դրել երջանկահիշատակ Հենրիկ Իգիթյանը, այն հնարավորություն է տալիս ավելի ազատ ստեղծագործել ու զերծ լինել որևէ պարտադրված ծրագրից։ Երեխաները ստեղծում են մաքրամաքուր, անկեղծ հոգով արված գործեր։ Մենք ամեն տարի հունիսի 1-ին ցուցահանդեսին մեծ մասշտաբով ցուցահանդես ենք կազմակերպում, որտեղ է՛լ ավելի ակնառու է դառնում մեր կատարած աշխատանքը։

Սկզբունքների մասին՝ առաջինը՝ լինել ազնիվ աշխատանքում, միշտ հարգել այն մասնագիտությունը, որն ընտրել են, սիրել հայրենիքը և կատարված ամեն աշխատանքի արդյունք չափել դրա տված օգուտի չափով։

Համաշխարհային արվեստագետներից ովքե՞ր են Ձեզ համար եղել ոգեշնչման աղբյուր:

Այս հարցին միանշանակ պատասխանել դժվար է ինձ համար, որովհետև տարբեր փուլերում տարբեր արվեստագետներ միշտ ունեցել են ազդեցություններ։ Ընդհանրապես արվեստը շփումների ծնունդ է, և, կարծում եմ, առանց ազդեցությունների դժվար կլինի։ Բարեբախտաբար ես շատ թանգարաններում եմ եղել և գերվել եմ համաշխարհային մշակույթի գլուխգործոցներով, դրանք ստեղծագործական տարբեր փուլերում անասելի մեծ ազդեցություն են ունեցել իմ վրա։ Իսկ հիմնական ոգեշնչման աղբյուրը ինձ համար իմ մանկությունն է։

Գիտենք, որ արվեստագետները իրենց էությամբ լինելով զգայուն և զգացմունքային՝ արտաքին աշխարհի երևույթները ընկալում են ավելի խորությամբ։ Որքանո՞վ են այդ հույզերը օգնում կամ խանգարում կտավներ ստեղծելիս։

Հույզերն ու ապրումները անբաժան մի մասն են ստեղծագործելու, և այդ առեղծվածային գործընթացը առանց զգացմունքների առանց հույզերի դժվար է պատկերացնել, սա բավականին ծավալուն և մեծ թեմա է, դրա ամենահետաքրքիր ձևակերպումներից մեկը Օգյուստ Ռոդենն է տվել․ «Իրականությունն անցնում է իմ զգացմունքների պրիզմայի միջով, որպեսզի հուզի դիտողին»։

Պատերազմը ի՞նչ ազդեցություն է ունեցել Ձեզ վրա, և այդ ապրումները իրենց գույնը գտե՞լ են Ձեր աշխատանքներում։

Ինչպես ամեն հայ մարդու, ինձ վրա էլ ունեցել է բացասական ազդեցություն, բայց մանկավարժական և ստեղծագործական աշխատանքը օգնել է ինձ։ Օրինակ, ատերազմից հետո ես սկսեցի ծաղիկների շարք նկարել։ Անկեղծ՝ չգիտեմ, թե ինչով է դա պայմանավորված, բայց, կարծում եմ, ենթագիտակցորեն այդ ցավը հաղթահարելու ինչ-որ միջոց էր։