Ընդդիմության ցույցերին զուգահեռ Ադրբեջանը մեծ տրամաչափի զենքով չի՛ կրակել

Հովհաննես Նազարեթյան, #CivilNetCheck

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 3-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ընդդիմության գործողությունները համընկնում են սահմանային լարվածության հետ։

«Ընդդիմության առաջին հանրահավաքի հենց ժամերին մեր սահմանին գրանցվել է ադրբեջանական կողմից մեծ տրամաչափով զենքի կիրառմամբ կրակոցներ։ Հետևությունները թողնում եմ ձեզ»,- ասել է Սիմոնյանը։

Սիմոնյանը նաև կարծիք է հայտնել, որ ընդդիմությունն իր գործողությունները և հայտարարություններն Ադրբեջանից է ստանում։ «Արդեն երկարատև ժամանակ է, որ ընդդիմության գործողությունները և հայտարարությունները, այնպիսի տպավորություն է, որ հարևան երկրի պաշտպանության նախարարության լրատվական բաժնից լինեն։ Իմ խոսքերը դնենք մի կողմ, եկեք ուղղակի տեսեք՝ գործողություն-կրակոց, գործողություն-կրակոց, սա ես չեմ ասում, սա ուղղակի փաստ է արդեն»,- հավելել է Սիմոնյանը։

ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ #CivilNetCheck-ը, ուսումնասիրել է ՀՀ և Արցախի պաշտպանության նախարարությունների հաղորդագրությունները՝ սահմանում իրավիճակը հասկանալու համար։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմադիր ուժերի հանրահավաքները Ֆրանսիայի հրապարակում մեկնարկել են մայիսի 1-ից։

Պաշտպանության նախարարության հաղորդագրությունները

Այս օրերին պաշտպանության նախարարությունը մի քանի հայտարարություն տարածեց։

Մայիսի 1-ին ՊՆ հաղորդագրություն տարածեց, որով հերքում էր Ադրբեջանի ՊՆ-ի պնդումը, թե ապրիլի 30-ի երեկոյան ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են ադրբեջանական դիրքերը։

ՀՀ ՊՆ-ն մայիսի 2-ին մեկ այլ հաղորդագրությամբ հերքեց Ադրբեջանի ՊՆ պնդումը, թե իբր մայիսի 1-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից և նռնականետերից կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

Մեկ այլ հաղորդագրությամբ ՀՀ ՊՆ-ն հանդես եկավ մայիսի 3-ին՝ հերքելով, որ նախորդ օրը հայկական կողմը կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

Բոլոր երեք դեպքերում Հայաստանի ՊՆ-ն հայտարարեց, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ:

Վերջին օրերին Պաշտպանության նախարարությունը չի հաղորդել Ադրբեջանի կողմից սահմանին մեծ տրամաչափով զենքի կիրառման մասին։ Ադրբեջանի կողմից մեծ տրամաչափով զենքի կիրառման մասին չի հաղորդել նաև Արցախի պաշտպանության բանակը՝ ոչ իր ֆեյսբուքյան էջում, ոչ էլ պաշտոնական կայքում։

Ալեն Սիմոնյանի պնդումը, թե ընդդիմության առաջին հանրահավաքի ժամերին Հայաստանի սահմանին գրանցվել է ադրբեջանական կողմից մեծ տրամաչափով զենքի կիրառում, անհիմն է։

Հայաստանի ՊՆ-ի վերջին հաղորդագրությունը Ադրբեջանի կողմից հայկական դիրքերի ուղղությամբ հրաձգային զինատեսակներից կրակի մասին եղել է մարտի 9-ին։

Մեկնաբանել