Որոշ եկեղեցականներ վախենում էին քիթը սև քողերի տակից հանել․ Ալեն Սիմոնյան  

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 4-ին խորհրդարանում հայտարարեց, որ ներքաղաքական իրադարձություններից «հետևություններ կարվեն, և որոշ խավեր այդ հետևություններին շատ մոտիկից կծանոթանան»։

Թեև մայիսի 4-ին Ազգային ժողովի հերթական նիստին քննարկվում էր դատախազության նախորդ տարվա հաղորդումը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը որոշեց անդրադառնալ ընդդիմության բողոքի ցույցերին։

«Նրանց անցյալում սպասարկող որոշ ուժային կառույցներ շարունակում են իրենց գործունեությունը, անօրինական ձևով հարստություն ձեռք բերված որոշ ճարպիկներ փորձում են է՛լ ավելի հարստություն ունենալ։ Գործարար աշխարհին պատկանող մեքենաներ են դուրս գալիս ու փողոց են փակում, փոխարենը մարդկանց սպասարկեն ու ճանապարհները սարքեն»,- նշեց նա։

Պատգամավորին արձագանքեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ նշելով, թե իշխանությունը ևս մեղք ունի այս հարցում. «Մենք ենք մեղավոր՝ չակերտավոր, որ այդ ընկերություններում փայ չենք մտել, այդ ընկերությունները մեզ հետ չեն, այդ ընկերությունները չեն վախենում իրենց քաղաքական դիրքորոշումն արտահայտելուց»,- ասաց Սիմոնյանը։

Նա խոսեց նաև նախքան 2018-ը Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցած հանրահավաքներին ու ցույցերին չարձագանքող հոգևորականների և շոու բիզնեսի ներկայացուցիչների մասին. «Ժամանակին թե՛ ընկերությունները, թե՛ շոու բիզնեսի այն հայտնի աստեղերը, որոնք վախում էին ծպտուն հանել, թե՛ որոշ եկեղեցականներ, որոնք վախում էին քիթը Մարտի 1-ից սկսած իրենց այդ սև քողերի տակից հանեին, լռում էին… Մենք ենք չակերտավոր մեղավոր։ Ոչինչ, ես վստահ եմ, որ հետևություններ կարվեն, և վստահ եմ, որ այդ բոլոր խավերը նույնպես այդ հետևություններին շատ մոտիկից կծանոթանան»,- հայտարարեց խորհրդարանի ղեկավարը։

Գևորգ Թոսունյան