«Իդիոտկա»-ի գործով Լենա Նազարյանը պարտվել է Թագուհի Թովմասյանին

Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը բավարարել է Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի հայցն ընդդեմ իշխանական պատգամավոր Լենա Նազարյանի։

2021-ի հունիսի 3-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում Թովմասյանի ելույթից հետո, երբ վերջինս հեռացել էր ամբիոնի կողքից, նույն վայրկյանին ԱԺ նիստը նախագահողը՝ այդ ժամանակ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, իր դիմացի բարձրախոսը միացրած վիճակում ցածրաձայն, սակայն ինչպես դահլիճում ներկա գտնվողների, այնպես էլ հեռուստադիտողների համար լսելի ձայնով վիրավորական արտահայտություն էր հնչեցրել Թովմասյանի հասցեին՝ անվանելով նրան «իդիոտկա»:

Պատասխանող Լենա Նազարյանի ներկայացուցիչը դատական նիստի ընթացքում հայտնել է, որ ««իդիոտ» բառն իր ծագումնաբանությամբ հունարենից նշանակում է մեկուսացված մարդ»։ Նազարյանի փաստաբանը նաև ասել է, որ «տեսագրությունները չեն ներկայացվել գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի կանոններին համապատասխան, դրանք մոնտաժվել են, չեն համարվում հանրային փաստ, չեն պարունակում ամսաթիվ և նշում այն կատարողի մասին»։

Դատարանը հաստատված է համարել, որ Ազգային ժողովի ամբիոնից Թագուհի Թովմասյանի ելույթից անմիջապես հետո Լենա Նազարյանը Ազգային ժողովի պատգամավորների ներկայությամբ հնչեցրել է «իդիոտկա» արտահայտությունը։

Դատարանը վճռել է մասնակի բավարարել Թովմասյանի հայցն ընդդեմ Նազարյանի և պարտավորեցնել Լենա Նազարյանին հրապարակային ներողություն խնդրել Թագուհի Թովմասյանից՝ «ՀՀ-ում գործող առնվազն 1 000 տպաքանակ ունեցող հայալեզու մամուլում հետևյալ բովանդակությամբ տեքստի հրապարակում կատարելու միջոցով. «Ես՝ Լենա Ռաֆայելի Նազարյանս, 03․06․2021թ․ ՀՀ ԱԺ արտահերթ նիստի ընթացքում իմ կողմից Թագուհի Մանվելի Թովմասյանի հասցեին հնչեցված «իդիոտկա» վիրավորական արտահայտության համար ներողություն եմ խնդրում Թագուհի Մանվելի Թովմասյանից»»։

Հայցվորը պատասխանողից որպես փոխհատուցում պահանջել էր նաև 1 մլն դրամ՝ վիրավորանք հասցնելու համար, սակայն այս պահանջը դատարանը մերժել է։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել