Մնում եք վարչապետ, որ ի՞նչ անեք․ Արմեն Ռուստամյանի ու Նիկոլ Փաշինյանի անավարտ բանավեճը

Armen Rustamyan

Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի հայտարարեց, որ Ֆրանսիայի հրապարակում հավաքված ժողովրդի կողմից գործուղվել են՝ ներկայացնելու Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հանրային պահանջը։

«Պահանջը հետևյալն է՝ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը տապալելով Արցախյան հակամարտության բանակցային գործընթացում հայկական շահերը պաշտպանելու գործը, բերել է պատերազմ և պարտություն։ Խոստովանել է, որ կարող էր կանխել պատերազմը և խուսափել հազարավոր զոհերից, բայց չի արել դա»,- ասաց Ռուստամյանը։

Պատգամավորը նշեց նաև, որ Փաշինյանը խոստացել էր նաև վերադարձնել գերիներին, բայց մինչ օրս ունենք գերիներ։

«Նախընտրական ծրագրով խոստացել է, որ վարելու է Արցախի վերջնական կարգավիճակի հստակեցման քաղաքականություն՝ ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման միջոցով։ Սակայն, փաստացի իրականացնում է «Ղարաբաղն Ադրբեջան է և վերջ» քարոզ»,- շեշտեց նա։

Ռուստամյանի խոսքով՝ վարչապետը խոստացել էր թռիչքաձև տնտեսական աճ, բայց «աճում են պետական պարտքը, աղքատությունը, գները և մահերը»։ Ըստ նրա՝ Փաշինյանը չի կատարել այլ բազմաթիվ խոստումներ․ «Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ, չունի մեր պետությունը նոր զիջումների տանելու մանդատ և պետք է հրաժարական տա»,- ասաց ընդդիմության ներկայացուցիչը։

Ի պատասխան ընդդիմության ներկայացրած պահանջի, Փաշինյանը նշեց, որ բանակցային գործընթացը տապալել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը․ «Նա դրա մասին խոստովանել է 2018-ի ապրիլի 17-ին ԱԺ ամբիոնից արած հայտարարությամբ՝ ասելով, որ բանակցային գործընթացը կանգնած է, որովհետև Ադրբեջանի պահանջներն անիրատեսական և անընդունելի են մեզ համար»։

Վարչապետը նկատում է, որ պատերազմը կանխելու համար անհրաժեշտ էր ընդունել Ադրբեջանի անիրատեսական և անընդունելի պահանջները, այսինքն, ճանաչել ԼՂ-ն Ադրբեջանի կազմում։

«Խոսում եք նշաձողերի մասին, ես ուզում եմ հիշեցնել ձեզ, որ այն պահին, երբ նաև ձեր իշխանությունը, դուք այդ ժամանակ եղել եք կառավարության մաս, ՀՀ-ն ընդունել է Մադրիդյան սկզբունքները որպես բանակցությունների հիմք, այդ պահից դուք ճանաչել եք Ղարաբաղը Ադրբեջանի կազմում»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Արձագանքի ժամանակ Արմեն Ռուստամյանն ասաց․ «Դուք ինքներդ եք հայտարարել, որ անգամ չեք տեսնում տեսական հնարավորություն Արցախը Ադրբեջանի կազմից հանելու։ Եթե դուք այդ տեսակետին եք, մնում եք վարչապետ, որ ի՞նչ անեք»։

Մինչ Փաշինյանը կարձագանքեր, ընդդիմադիր խմբակցությունները լքեցին դահլիճը։ Փաշինյանը հայտարարեց․ «Ոնց միշտ փախել եք, հիմա էլ եք փախնում», «կեցցե հայկական ժողովրդավարությունը»։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները սկսեցին անընդմեջ ծափահարել։

Մեկնաբանել