Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պնդումները հերքում է ՄԻՊ-ը

nikol pashinyan bicycle

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը մայիսի 3-ին մամուլի ասուլիսին անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյանը ուղղեկցող ճանապարհային ոստիկանության մեքենայի կողմից հղի կնոջը վրաերթի ենթարկելու դեպքին։

Երևանի Լեո-Պարոնյան խաչմերուկում ապրիլի 26-ին տեղի ունեցած դեպքից հետո հատկապես մեծ քննադատություն էր առաջացրել փաստը, որ ո՛չ կնոջը հարվածող մեքենան, ո՛չ էլ ավտոշարասյան մյուս մեքենաները չէին կանգնել և օգնություն ցուցաբերել։ Ոստիկանությունն այս մասով որևէ պարզաբանում չէր տվել։

Թեմայի վերաբերյալ «պարզաբանումներով» հանդես էր գալիս վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը, որը ապրիլի 27-ին ֆեյսբուքյան իր էջում պնդել էր, թե երկրների ղեկավարների շարասյանը ուղեկցող մեքենաները վրաերթի դեպքում իրավունք չունեն կանգ առնելու չնախատեսված տեղում։

«Նաև նման հանգամանքների հաշվառումով՝ ըստ աշխատանքի միջազգայնորեն ընդունված կանոնակարգի՝ երկրների ղեկավարների շարասյունը ուղեկցող [տվյալ դեպքում՝ ՃՈ] մեքենաներն իրավունք չունեն չնախատեսված տեղում կանգ առնելու՝ անգամ պատահարների դեպքում»,- պնդել է Չախոյանը և մինչ օրս չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ կարգավորումների մասին է խոսքը։

Չախոյանի այս պնդումները մայիսի 3-ին փաստացի հերքել է ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը՝ պնդելով, որ որևէ արարողակարգ և կանոն նման բան չեն սահմանում։

«…Կոնկրետ դեպքում ցավալի է տեսնել, որ ուղեկցող ծառայությունը ուղղակիորեն չի կանգնում, երբ նման դեպք է տեղի ունենում: Սա որևէ արարողակարգով կամ կանոնով կարգավորված չէ: Առնվազն մինիմալ հումանիզմ է, որ առաջին հերթին պետք է օգնություն ցույց տալ և հնարավորության դեպքում կնոջ ու երեխայի կյանքը փրկել»,- ասել է Գրիգորյանը (20:56-ից

Քրիստիննե Գրիգորյանը մինչև 2022-ի փետրվարին մարդու իրավունքների պաշտպան ընտրվելը արդարադատության փոխնախարարն էր և համակարգում էր ոստիկանության բարեփոխումները։

Միջազգային փորձը

Չախոյանի այս պնդումը հերքվում է ոչ միայն ՄԻՊ-ի կողմից, այլև հակասում է հենց միջազգային իրավակարգավորումներին։

«Փաստերի ստուգման հարթակը» ևս օրեր առաջ ուսումնասիրել էր ՀՀ ներպետական և միջազգային իրավական կարգավորումները և պարզել, որ դրանք պարտավորեցնում են վարորդին կանգնեցնել մեքենան՝ տրանսպորտային պատահարի մասնակից լինելու դեպքում։

Ինչպես գրել էր Fip.am-ը, «Ճանապարհային երթևեկության մասին» միջազգային կոնվենցիայի 31-րդ հոդվածով սահմանվում է, որ ՃՏՊ-ին առչնվող վարորդը պարտավոր է «հնարավորինս արագ կանգնել` երթևեկության համար լրացուցիչ վտանգ չստեղծելով»։

Նույն հոդվածի այլ կետով սահմանվում է, որ վարորդը պարտավոր է չհեռանալ դեպքի վայրից, եթե անհրաժեշտություն չկա օգնություն ցույց տալ վիրավորներին կամ ստանալ բժշկական օգնություն։ Կոնվենցիան այս հոդվածի մասով որևէ բացառություններ չի սահմանում և փաստացի այն տարածվում է բոլորի, այդ թվում՝ վարչապետին ուղեկցող ավտոշարասյան վրա։

FIP.am-ը պարզել է, որ վթարի դեպքում վարորդին կանգնել պարտավորեցնում է նաև ՀՀ օրենսդրությունը։ Մասնավորապես՝ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 24-րդ հոդվածը սահմանում է, որ վարորդը վթարի դեպքում պարտավոր է անմիջապես կանգնեցնել մեքենան և միջոցներ ձեռնարկել տուժածներին առաջին օգնություն ցույց տալու համար։

Միջազգային փորձը՝ օրինակներով

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի ավտոշարասյան մեքենաներից մեկը 2018-ին Կիևում վրաերթի էր ենթարկել հետիոտնին, ինչից հետո միանգամից կանգ էր առել։ Վրաերթ կատարած մեքենայում գտնվող անձինք օգնություն էին ցույց տվել տուժածին, իսկ մնացած ավտոշարասյունը շարունակել էր ճանապարհը։

Մեծ Բրիտանիայում արքայազն Ուիլյամի ավտոշարասյանը ուղեկցող ոստիկանական մոտոցիկլետը 2019-ին վրաերթի էր ենթարկել փողոցն անցնող 83-ամյա կնոջը։ Արքայազնի կորտեժը շարունակել էր ճանապարհը, սակայն մոտոցիկլետով ոստիկանը չէր հեռացել դեպքի վայրից։

Լեհաստանի նախագահի ավտոշարասյունը 2018-ին վրեարթի էր ենթարկել փողոցով անցնող երեխայի։ Ըստ նախագահի խոսնակ Բլաժեյ Սպիչալսկի՝ նախագահը գտնվել է ավտոշարասյան մեջ և հրահանգել է կանգնեցնել այն։

«Նախագահն անմիջապես արձագանքեց, կանգնեցրեց շարասյունը, վազեց երեխայի մոտ, ստուգեց՝ ամեն ինչ կարգին է։ Մենք անմիջապես շտապօգնություն կանչեցինք»,- հայտնել էր խոսնակը։

Այսպիսով, կարող ենք փաստել, որ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի՝ վթարի ժամանակ ավտոշարասյան կանգնելու մասին պնդումները մոլորեցնող են։ Թ՛ե ՄԻՊ-ի հայտարարությունը, թ՛ե օրենսդրական կարգավորումները և թ՛ե այլ երկների ղեկավարների նմանօրինակ պատահարների պատմությունը հերքում են Չախոյանի խոսքերը։

Մեկնաբանել