Ապօրինի ծագմամբ գույքի գործով կա առաջին համաձայնության գործընթացը, դատարան է ներկայացված 8 հայց

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքում փոփոխություններ են լինելու և օրենքի շրջանակում ուսումնասիրության ենթակա անձանց շրջանակը ընդլայնվելու է։ Կառավարության նիստում օրենսդրական նախաձեռնությունը ներկայացրեց արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։

Նրա խոսքով՝ բոլոր այն պաշտոնյաները, ովքեր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հայտարարագիր են ներկայացնում, ենթակա են լինելու օրենքի շրջանակում գույքի ծագման ուսումնասիրության. «Միջին օղակը պիտի ուշադիր լինի ապօրինի ծագում ունեցող գույքերի հետ կապված»,-հայտարարեց Անդրեասյանը։ Օրենսդրական նոր նախաձեռնությամբ դատախազությունը նաև հնարավորություն է ստանալու ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ սկսել ուսումնասիրություն սեփական նախաձեռնությամբ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին, հայտարարեց՝ «աշխատանքի ծավալները այնքան մեծ են, որ ակնկալիքները այդքան էլ չեն արդարանում, բայց պիտի արձանագրել որ պրոցեսների նկատմամբ կա որոշակի դիմադրություն»։ Ըստ նրա, այդ դիմադրությունը կապված է նրա հետ, որ դատարանները փորձում են ապօրինի ծագում ունեցող գույքի գործերով որոշումներ չկայացնել ու սպասում են Սահմանադրական դատարանում ընդդիմության կողմից ներկայացված հարցի լուծմանը. «Մեր ունեցած տեղեկություններից դժգոհ չենք, բայց արձանագրած արդյունքներից այդքան էլ գոհ չենք, հանրությունը ևս գոհ չէ»,-հայտարարեց Փաշինյանը։

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խոսելով օրենքի կիրառման մասին, ասաց՝ ներկայում կա դատարան ներկայացված 8 հայց՝ 42 միլիարդ դրամի հայցագնով։ Նա նաև տեղեկացրեց, որ ապօրինի ծագում ունեցող գույքի գործընթացի առաջին 10 օրերին 200 անձի հետ կապված վարույթ է սկսվել։

Օրենքի շրջանակում արդեն մեկ անձի կողմից առաջարկ է եղել սկսելու համաձայնության գործընթաց։ Այս դեպքում ապօրինի ծագում ունեցող գույքի 75 տոկոսը վերադարձվում է պետությանը, 25 տոկոսը սակայն մնում է ապօրինի ծագում ունեցող գույքի սեփականատիրոջը։

Մեկնաբանել