Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանում կայունության հաստատման հարցում. Պեսկով

Ռուսաստանը շահագրգռված է, որ Հայաստանում որքան հնարավոր է շուտ ավարտվի բարդ շրջանը և կայունություն հաստատվի: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով Հայաստանում ըննդիմության ցույցերին։

«Դա ամբողջությամբ Հայաստանի ներքին գործն է։ Հայաստանը մեր դաշնակիցն է, մեր գործընկերն է մեզ համար շատ կարևոր ինտեգրացիոն մի քանի ձևաչափերով։ Հայաստանը մեր մեծ բարեկամն է։ Եվ այդ պատճառով, իհարկե, մենք շահագրգռված ենք, որ Հայաստանում որքան հնարավոր է շուտ ավարտվի այդ շրջանը, և նորից գա կայունության շրջանը»,- ասել է նա։

Պեսկովը նշել է, որ Հայաստանում կայունության շրջանը «թույլ կտա փուլ առ փուլ առաջ շարժվել Ղարաբաղի հարցով եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների զարգացման առումով»։

***

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմությունն մայիսի 2-ից անհնազանդության ակցիաներ է իրականացնում Երևանում և մարզերում։ Ակցիաներին մասնակցում են ինչպես «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչներ, այնպես էլ այլ խմբեր ու քաղաքացիներ։ Ընդդիմադիրները նշում է, որ «Նիկոլ Փաշինյանը չունի Հայաստանը նոր զիջումների տանելու մանդատ և պետք է հրաժարական տա»։

Մեկնաբանել