Թուրքիան FLYONE ARMENIA-ին չի թույլատրել իր օդային տարածքով եվրոպական երկրներ չվերթեր իրականացնել

Թուրքիայի ավիացիոն իշխանությունները FLYONE ARMENIA ընկերությանը չեն տրամադրել Թուրքիայի օդային տարածքով դեպի եվրոպական երկրներ չվերթերի իրականացման (overflight) հնարավորություն։ Այս մասին հայտնում են FLYONE ARMENIA ընկերությունից։

Ստեղծված իրավիճակի արդյունքում՝ ընկերությունը ստիպված է մինչև հունիսի 10-ը չեղարկել Երևան- Լիոն- Երևան և Երևան- Փարիզ- Երևան ուղղություններով չվերթերը․ «Նշենք, որ Երևան- Ստամբուլ- Երևան երթուղով չվերթերը իրականացվում են համաձայն չվացուցակի»։

Ընկերությունը հայցում է ուղևորների ներողամտությունը պատճառված անհարմարությունների հետ կապված և ուղևորներին առաջարկում է հետևյալ այլընտրանքները:

«Թռիչքի ամսաթվի փոփոխություն;

Credit Shell Գումարի 110%–ի չափով հետ վերադարձ ձեր FLYONE անձնական հաշիվ․ միայն տոմսեր, գնված կայքում կամ հավելվածում;

Չեղարկված թռիչքի՝ տոմսի, գումարի ամբողջական վերադարձ։

Եթե տոմսը գնվել է տուրիստական գործակալությունից, ավիաընկերությունը խնդրում է կապ հաստատել գործակալության հետ՝ ընտրելու ներկայացված այլընտրանքերից մեկը»,- ասված է ավիաընկերության հայտարարությունում։

Երկար դադարից հետո Երևան-Ստամբուլ-Երևան թռիչքները 2022-ի փետրվարին վերսկսեցին՝ որպես Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին նպաստող քայլ։ Հայկական Fly One Armenia ավիաընկերությունը Երևան-Ստամբուլ-Երևան թռիչքների թույլտվությունը ստացել է 2021-ի դեկտեմբերին, իսկ թուրքական Pegasus-ը՝ 2022-ի հունվարին։

Մեկնաբանել