Աղվան Հովսեփյանը պնդում է, որ իր նկատմամբ հետապնդումները ուժգնացել են ընտրություններից հետո

Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը մայիսի 5-ին դատարանում հայտարարեց, որ 2018-ի իշխանափոխությունից իրեն պարբերաբար նախազգուշացրել են՝ «եթե բացակայես երկիրց, որդիներիդ կկալանավորեն»։

Աղվան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փողերի լվացման և այլ չարաշահումների համար։ Գործը առաջին ատյանի դատարանի վարույթ է ընդունվել ապրիլի 19-ին։ Մայիսի 5-ին առաջին դատական նիստն էր՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ։

Հովսեփյանի խոսքով՝ իր նկատմամբ հետապնդումն ավելի ուժգնացավ 2021-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո, քանի որ ինքը մասնակցել էր ընտրություններին։ Խորհրդարանական ընտրություններին Աղվան Հովսեփյանն աջակցել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքին։

«Դուք պատկերացնո՞ւմ եք՝ Աղվան Հովսեփյանը չմասնակցեր ընտրություններին, ես երբեք քաղաքականությամբ չեմ զբաղվել, ես մշտապես զբաղվել եմ հասարակական գործունեությամբ, որը արգելված չի եղել։ Ես լինելով պետական-հասարակական գործիչ, պատկերացնո՞ւմ եք, չի մասնակցում ընտրություններին. ինչո՞ւ։,- ասաց Հովսեփյանը՝ հավելելով, որ հանրությունը ճիշտ չէր ընկալի իր որոշումը։- Ի՞նչ կասեր Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի՝ էս հա՞վ ա, էս Հովսեփյանը, որ չի մասնակցում ընտրություններին, կարծիք չունի՞, էս երկիրն իր համար նշանակություն չունի՞»։

Աղվան Հովսեփյանը դատական նիստի ընթացքում դատախազներին խորհուրդ տվեց ուսումնասիրել ու վերլուծել քրեական գործը. «Բոլոր չակերտավոր ցուցմունքներն ու ապացույցները ձեռք են բերվել բացառապես ընտրություններից հետո՝ երեք տարի հետապնդումից հետո»։

Նա անդրադարձավ նաև Հակակոռուպցիոն կոմիտեի (նախկինում՝ Հատուկ քննչական ծառայություն) ղեկավար Սասուն Խաչատրյանին։ Ասաց, որ նախկինում Խաչատրյանը դատախազության համակարգից դուրս գալուց ցանկացել է աշխատանքի անցնել իր ղեկավարությամբ գործող Քննչական կոմիտեում, սակայն ինքը մերժել է։ Այս հանգամանքով պայմանավորված էլ, ըստ Հովսեփյանի՝ Սասուն Խաչատրյանը «լարված հարաբերություններ ունի իր հետ»։

Նախկին գլխավոր դատախազը պատմեց նաև, թե 2018-ի իշխանափոխությունից հետո եղել է Ռուսաստանում, բարեկամներից մեկը առաջարկել է մնալ Մոսկվայում՝ խոստանալով Ռուսաստանի մայրաքաղաքի կենտրոնում նրան տրամադրել երեքսենյականոց բնակարան. «Ես նրան ասեցի, որ ես հայկական բանտը ավելի եմ նախընտրում, քան Մոսկվայի կենտրոնի բնակարանը։ Հիմա էլ ես գտնում եմ՝ գտնվելով մեկուսարանում, որ դա ինձ համար ավելի լավ է, քան Մոսկվայում փախուստի մեջ վիճակը»։

***

Աղվան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել, ըստ որի՝ նա 2004-2013-ին, զբաղեցնելով Հայաստանի գլխավոր դատախազի, իսկ 2014-2018-ին՝ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, սահմանված ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքին հակառակ, իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Երևան քաղաքի բնակիչ Արշավիր Սարգսյանի հետ 2007-2015-ին մեկ միասնական դիտավորությամբ հիմնադրել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպություններ, ինչպես նաև անձամբ և վստահված անձանց՝ որդիների միջոցով մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպությունների կառավարմանը, ինչը կապված է եղել այդ կազմակերպություններին արտոնություններ և առավելություններ տրամադրելու և այլ ձևով հովանավորելու հետ։ Ըստ մեղադրանքի՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը Հովսեփյանը օրինականացրել է:

Բացի այդ, Աղվան Հովսեփյանը 2010-ի հոկտեմբերի սկզբներին, քննությամբ չպարզված օրը, իր պաշտոնի հեղինակությամբ ազդեցություն գործադրելով՝ Արագածոտնի մարզի Բյուրական համայնքի ղեկավար Հրաչյա Ավագյանին համոզելու եղանակով դրդել է չարաշահել պաշտոնեական լիազորությունը, ապա այդ արարքի արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված խոշոր չափերով գույքը օրինականացրել է:

Մեղադրանքի համաձայն՝ Աղվան Հովսեփյանը Վարշամ Ղարիբյանի օգտին ծառայության գծով հովանավորչության համար, նրանից պահանջել և 2011-ի փետրվարի 14-ին ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք, ապա հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը օրինականացրել է: Բացի այդ, 2017-ի ապրիլի 10-ին իր հետ մտերիմ փոխհարաբերությունների մեջ գտնվող Վրեժ Մարկոսյանին համոզելու եղանակով դրդել է վատնել նրան վստահված, Վարշամ Ղարիբյանին պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքը:

Աղվան Հովսեփյանը ութ ամիս է, ինչ գտնվում է կալանքի տակ։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել