Ծաղկաձորի ճոպանուղու քրեական գործի վարույթը կասեցվել է. հետախուզվող տնօրենը լքել է Հայաստանը

ծաղկաձորի ճոպանուղի

Հովհաննես Նազարեթյան, #CivilNetCheck

Գլխավոր դատախազությունը 2019-ի ապրիլին քրեական գործ էր հարուցել Ծաղկաձորի ճոպանուղու շահագործման ընթացքում հարկերը չվճարելու հետևանքով պետությանը պատճառված վնասի առթիվ։

Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել էր, որ ճոպանուղին հավատարմագրային կառավարմամբ շահագործող ընեկերության կողմից ավելացված արժեքի և շահութահարկի գծով հարկերը չվճարելու արդյունքում պետությանը պատճառվել է ընդհանուր շուրջ 476,5 մլն դրամի վնաս։

Ամիսներ անց՝ 2019-ի նոյեմբերին, դատախազությունը հայտնել էր, որ քրեական գործում որպես մեղադրյալ է ներգրավվել ճոպանուղին հավատարմագրային կառավարմամբ շահագործող «Լեռնատուր» ՍՊԸ-ի նախկին տնօրեն Ասատուր Պողոսյանը, որն այդ պաշտոնը զբաղեցրել է 2008-2017 թթ.։

Ըստ Գլխավոր դատախազության՝ նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ասատուր Պողոսյանը հանձնարարել է ընկերության տոմսավաճառներին հաճախորդների վճարած գումարների դիմաց հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոն չտրամադրել կամ տրամադրել հաճախորդի կողմից պահանջի դեպքում:

«Արդյունքում՝ ընկերության կողմից 2008-2016 թթ. հարկային մարմին ներկայացված շահութահարկի և ավելացված արժեքի հարկի հաշվարկներով պակաս են ցույց տրվել և չեն հաշվարկվել ծառայությունների մատուցումից իրացման ծավալները»,- ասվում է դատախազության հաղորդագրության մեջ։

Պողոսյանը լքել է Հայաստանը, քրեական գործի վարույթը՝ կասեցվել

ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ CivilNetCheck-ը, դատախազությունից փորձեց պարզել, թե ինչ փուլում է քրեական գործը։ Դատախազությունից հայտնեցին, որ 2019-ի նոյեմբերին 7-ին սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգից ստացված տվյալներից պարզվել է, որ Ասատուր Պողոսյանը 2019-ի ապրիլի 29-ին՝ քրեական գործի հարուցման վերաբերյալ պաշտոնական հարղոդագրության հրապարակման օրը, մեկնել է Հայաստանից։

Նախաքննության ընթացքում հնարավոր չի եղել պարզել Պողոսյանի գտնվելու վայրը, և որոշում է կայացվել նրա նկատմամբ հետախուզում հայտարարել և որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։

«Նկատի ունենալով, որ որպես մեղադրյալ ներգրավված անձի գտնվելու վայրը պարզված չէ՝ նրա բացակայությամբ կատարվել են անհրաժեշտ, հնարավոր և բոլոր քննչական գործողությունները՝ 2020թ. մարտի 26-ին կայացվել է քրեական գործի վարույթը կասեցնելու մասին որոշում: Պատճառված վնասի գումարի չափով արգելանք է դրվել մեղադրյալի գույքի և դրամական միջոցների նկատմամբ»,- CivilNetCheck-ին հայտնել են գլխավոր դատախազությունից։

Ճոպանուղու սեփականատերերը

Ծաղկաձորի ճոպանուղին գործում է 1967-ից։ Կառավարությունը ճոպանուղի վերակառուցելու նպատակով 2004-ի ապրիլի 22-ի որոշմամբ «Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր» ՓԲԸ-ի ակտիվների կազմից առանձնացրել էր ճոպանուղու առաջին, երկրորդ և երրորդ կայանները, որոնք հանձնվել էին կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեին։ Կոմիտեն իր հերթին գույքը պետության անունից նվիրաբերել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին (ՀԱՕԿ)՝ վերջինիս կամ նրա հիմնադրած առևտրային կազմակերպության կողմից մինչև 2005-ի դեկտեմբերի 31-ը ճոպանուղին վերակառուցելու և շահագործելու պայմանով:

Շինարարությունից հետո 2005-ի մարտի 1-ին կնքված պայմանագրով ՀԱՕԿ-ը ճոպանուղին հավատարմագրային կառավարման է հանձնել «Օլիմեն» ՍՊԸ-ին՝ 2005-2008 թթ., իսկ 2008-ի դեկտեմբերի 15-ին կնքված պայմանագրով՝ 2009-ից մինչ օրս՝ «Լեռնատուր» ՍՊԸ-ին:

«Լեռնատուր» ՍՊԸ-ի բաժնետերերը՝ 2008-2017թթ.

Ճոպանուղին արդեն 17 տարի փաստացի տնօրինում է Գագիկ Ծառուկյանը։ Նա ոչ միայն ՀԱՕԿ-ի տնօրենն է, այլև նրա հետ փոխկապակցված անձինք են տնօրինել «Օլիմեն» և «Լեռնատուր» ՍՊԸ-ները։

«Օլիմեն» ՍՊԸ-ն ունեցել է երկու բաժնետեր՝ ՀԱՕԿ-ը և «Հեսպեր Վենչըրս» ՍՊԸ-ն, որոնք յուրաքանչյուրը ունեցել են 50 տոկոս բաժնեմաս։ «Հեսպեր Վենչըրս»-ը գրանցված է ԱՄՆ Արկանզաս նահանգում, բայց նույն անունով ընկերություն կա գրանցված նաև Մեծ Բրիտանիայում, որի 75 տոկոսից ավել բաժնետերն է Սեդրակ Առուստամյանը։ Վերջինս 1998-2020 թթ. եղել է Ծառուկյանի «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենը։

2008-2017թթ. «Լեռնատուր»-ի բաժնետերն են եղել ՀԱՕԿ-ը և «Հեսպեր Վենչըրս» ՍՊԸ-ն։ 2017-ին «Հեսպեր Վենչըրս» ՍՊԸ-ին որպես 50 տոկոս բաժնետեր փոխարինել է Բալահովիտում հաշվառված Տիգրան Մանուկյանը։ Նա 2014-2015 թթ․ եղել է Ծառուկյանին պատկանող «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ի տնօրենը։ Այն հանդիսանում է «Փարավոն» հանգստի և ժամանցի համալիրի իրավաբանական անձը։

Ընկերության կողմից պետությանը պատճառված վնասի վերականգման մասին տեղեկություններ առկա չեն։