Պատերազմի ավարտից ժամեր առաջ զոհված օձունցի Դավիթի և գորիսեցի Գագիկի պատմությունը

odzun 44-օրյայում զոհված օձունցի Դավիթի հայրական տունը։

Սառա Մելիքյանը 3,5 ամիս տեղեկություն չի ունեցել 44-օրյա պատերազմում Հադրութում ծառայող և կռվող որդուց՝ Դավիթ Բեժանյանից: Երբ տեղեկություն ստանալու համար ինտերնետում տեղադրել են Դավիթի նկարը, նրա բանակային ընկերոջ՝ Գագիկ Մալինցյանի հայրը՝ Արամ Մալինցյանը, արդեն գտած է եղել որդու զոհվելու վայրը, պարզել է նաև, որ Գագիկն ու Դավիթն իրենց կյանքի վերջին օրերին միասին են եղել և միասին էլ զոհվել են: Որդուն հուղարկավորելուց հետո Արամ Մալինցյանը եկել է Օձուն, այցելել Դավիթի ընտանիքին և շիրիմին: Արամ Մալինցյանը Դավիթի մորը՝ Սառա Մելիքյանին, պատմել է, որ Գագիկին, Դավիթին ու մյուս ընկերներին Հադրութում շրջափակումից դուրս գալուց հետո տարել են ինչ-որ բաց տարածք: Տղաների համար այնտեղ պաշտպանվելու որևէ միջոց չի եղել՝ սպանվել են անօդաչու սարքից: Սառան մինչ այդ որդու զոհվելու մասին որևէ տեղեկություն չի ունեցել:

19-ամյա Դավիթ Բեժանյանը զինվորական ծառայության է մեկնել 2019-ի դեկտեմբերի 25-ին: Ծառայել է Հադրութի հրետանային զորամասում: Դավիթը ինը ամսվա ծառայող է եղել, երբ սկսվել է 44-օրյա պատերազմը: Մոր պատմելով՝ պատերազմից Դավիթը իր հետ միշտ բարձր տրամադրությամբ է խոսել: «Հարցնում էի՝ ո՞նց ես, Դավիթ ջան: Ասում էր՝ մամ, ինձ ի՞նչ է եղել, հաղթում ենք, լավ կլինի»: Պատերազմի օրերին Դավիթը վեց օր մորը չի զանգել: «Ասեցի,Դավիթ ջան, բա դու չգիտե՞ս, որ զանգիդ սպասում եմ: Ասավ՝մամ, բա դու չգիտե՞ս, որ այստեղ հեռախոս լիցքավորելու տեղ չկա»,- նեղսրտել է որդին: Դավիթը մորը խնայել ու չի հայտնել, որ Հադրութում իրենց զորամասը վեց օր թշնամու շրջափակման մեջ է հայտնվել: Հետո բերանից թռցրել է, որ իրենց երկու օր չեն կարողացել ուտելիք հասցնել, սոված են մնացել: Որդու հետ Սառան վերջին անգամ խոսել է 2020-ի նոյեմբերի 7-ի կեսգիշերն անց: Դավիթը մորը տեղեկացրել է, որ Մարտունի 2-ի շրջակայքում են: Դրանից հետո Դավիթի զանգերը դադարել են:

Դավիթի մայրը՝ Սառան։

Սառան 3,5 ամիս ոչ մի տեղեկություն չի ունեցել որդուց: Նրա զոհվելու մասին մայրը տեղեկացվել է 2020-ի փետրվարի 18-ին՝ ԴՆԹ անալիզի արդյունքներով: Դավիթը հարազատներին է հանձնվել զոհվելուց 3,5 ամիս հետո՝ հոր մահվան օրը՝ փետրվարի 19-ին: Սառայի խոսքով՝ մինչև հարազատներին հանձնելը, Դավիթը երազում հայտնվել է իրեն․ «Իմ ականջով էր ընկել, որ տղաս զոհված է: Երբ երազում տուն մտավ, ասացի՝ Դավիթ, ասում են զոհված ես: Ասավ, մամ, ո՞վ է ասում»: Սառան ասում է, այդ երազից հետո չի հավատում որդու մահվանը, մանավանդ, որ հուղարկավորության ժամանակ հնարավոր չի եղել բացել Դավիթի դեմքը: Սառան որոշել է որդու դեմքը հիշել այնպես, ինչպես իրականում եղել է:

Տան միակ տղամարդը

Դավիթի հայրը՝ Աշոտ Բեժանյանը, չորս տարի առաջ է մահացել՝ 2018-ին: Հոր մահից հետո տան տղամարդը մնացել է Դավիթը: «Ինքն էլ դեռ երեխա էր, ուշքը դրսում էր: Մի անգամ նախատեցի, թե մեր տան տղամարդու գործը ով պետք է անի»: «Ասավ՝ մամ, կյանքը պետք է վայելել»,- հիշում է Սառան: Դավիթը ծառայության մեկնելուց առաջ տան տղամարդու դերում է եղել: Օձունի թիվ 1 դպրոցի 9-րդ դասարանն ավարտելուց հետո աշխատանքի է անցել գյուղի ավտոարհեստանոցներից մեկում: Միաժամանակ սովորել է Եվրոպական համալսարանի Ալավերդու մասնաճյուղի մենեջերական բաժնում: Աշխատավարձով մորն օգնել է կառուցել հոր գերեզմանը: Սառայի պատմելով՝ Դավիթն աշխատավարձը ստանալուն պես իրեն է տվել: Տան ջեռուցման փայտի և հողի մշակման խնդիրները նույնպես Դավիթի վրա են եղել:

Դասղեկ Սիրվարդ Բոչոլյանը Դավիթին բնութագրում է որպես համեստ և ազնիվ աշակերտ: Դպրոցից հեռանալուց հետո Դավիթը կապը չի կտրել ընկերներից: Դասղեկի բնութագրմամբ՝ Դավիթը շատ ընկերասեր, չափի զգացողություն ունեցող և նախաձեռնող մարդ է եղել: «Մի անգամ նկատեցի՝ ծխում էր: Ինձ թվաց՝ Դավիթի հոգսը շատ է: Դասարանում յոթ տղա էին, յոթն էլ 44-օրյա պատերազմի մասնակից դարձան: Միայն Դավիթը զոհվեց»,- ասում է դասղեկ Բոչոլյանը:

Դավիթին հուզմունքով է ներկայացնում դպրոցի տնօրեն Անահիտ Աղեկյանը. «Մարդուն մահից հետո են արժևորում։ Երբ Դավիթն արդեն չկար, իմ առաջ նա հառնեց որպես անաղարտություն: Հետո սկսեցի խղճալ, շատ փոքրամարմին էր, չէի պատկերացնում, որ երեխայի այդ փոքր մարմնի մեջ պատերազմող մարդ կլիներ»:

Դավիթի գերեզմանը Օձունում։

Քրոջ՝ Սեդայի հիշողությունները

Սեդան ուսուցչուհի է Օձունի թիվ 2 դպրոցում: Պատմում, որ եղբոր հետ փոքր ժամանակ և ծառայության մեկնելուց առաջ շատ էին կռվում. «Բայց դա լուրջ չէր, երբ տանը չէր լինում, անընդհատ անհանգստանում էի, թե ուր է, ինչու է ուշանում»: Քրոջ բնութագրմամբ՝ Դավիթը ուրախ և անվախ էր: Եղել են դեպքեր, երբ Սեդային դրսում անհանգստացրել են: Դավիթը տղամարդու պես քրոջը պաշտպանել է: Սեդայի խոսքով՝ հոր հետ իր և Դավիթի ժ հարաբերություններն ընկերական են եղել: Նշում է, որ իր համար շատ դժվար է առանց Դավիթի, քանի որ ինքն ու Դավիթը միմյանց հետ մանկություն են անցել: Հիմա առանց եղբոր դժվարանում է: Ծառայության մեկնելու հրաժեշտին Դավիթը մորը և քրոջը պատվիրել է չլացել: Դավիթի զինվորական երդմանը Սառան ու Սեդան գնացել են Հադրութ: «Շատ ուրախ էր, սպասում էր: Ասաց՝ ամբողջ գիշերը չի քնել, մեզ է սպասել»,- հիշում են մայրն ու քույրը:

Դավիթի քույրը՝ Սեդա Բեժանյանը։

Հայրը զենքի համարով է գտել զոհված որդուն

Գորիսում բնակվող Արամ Մալինցյանը պատմում է, որ հոկտեմբերի 7-ին, երբ որդու շրջափակման մեջ գտնվող զորամասը Հադրութից նահանջել է, նրա գտնվելու վայրը չի իմացել: Մալինցյանն այդ պատճառով Ստեփանակերտից է սկսել Գագիկի որոնումները: Նրանց սկզբում հայտնել են, թե որդին անհետ կորած է: Հայրը զենքի համարով է գտել Գագիկին: Արամ Մալինցյանը պատմում է Գագիկի և Դավիթի զոհվելու մասին. «Սկզբում նրանք դիրքի վրա են եղել, որտեղ եղել են թեթև ինժեներական աշխատանքներ: Հետո տեղափոխել են դիրք, որտեղ լրիվ բացակայել է հակաօդային պաշտպանությունը, ինչի պատճառով էլ անօդաչու սարքից զոհվել են»:

Գագիկի մայրը՝ Սոնա Վարդանյանը, ակնածանքով է պատմում որդու մասին․ «Ծնվել է Գորիսում, սովորել Յուրի Բախշյանի անվան դպրոցում, 2018-ին ընդունվել Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի կովկասագիտության բաժինը: Սովորել է նաև Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում՝«Պատիվ ունեմ» ծրագրով»:

Գագիկը 2020-ի հունվարի 8-ին է զորակոչվել բանակ, ծառայության է անցել Հադրութում: Պատերազմի առաջին օրվանից կռվել է առաջնագծում, որտեղ էլ Հադրութի զորամասը ընկել է շրջափակման մեջ, ապա թշնամուն հետ մղելով՝ դուրս է եկել շրջափակունից և տեղափոխվել Մարտունի 2 զորամասի դիրքեր: Այստեղ էլ Գագիկն ու Դավիթը զոհվել են պատերազմի ավարտից ընդամենը չորս ժամ առաջ:

Գագիկ Մալինցյանը։

Սոնա Վարդանյանն ասում է, որ որդու հետ վերջին անգամ խոսել է նոյեմբերի 6-ին: «Միշտ երկար էր խոսում, բայց վերջին անգամ կարճ խոսեց՝ հազիվ մեկ վայրկյան․ «Ասեց՝ մամ, տեղ հասնեմ, կզանգեմ»: Սոնա Վարդանյանը դեռ սպասում է որդու խոստացած զանգին:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրերով Գագիկ Մելիքյանը և Դավիթ Բեժանյանը հետմահու պարգևատրվել են «Մարտական ծառայություն» շքանշաններով:

Լարիսա Փարեմուզյան, Ալավերդի

Մեկնաբանել