Արդարադատության նախկին նախարարի հարազատները՝ ապօրինի շինարարության կիզակետում

հովհաննես մանուկյան

Հովհաննես Նազարեթյան, #CivilNetCheck

Երևանի քաղաքապետարանը 2021-ի դեկտեմբերի 8-ին հայտարարություն էր տարածել, որում արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանին կոչ էր անում անհապաղ դադարեցնել Այգեստան 12-րդ փողոցի 8 հասցեում իրականացվող ապօրինի շինարարությունը։

Քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունը նշում էր, որ նշված հասցեում իրականացվում են տան տանիքի վերակառուցման, ինչպես նաև երկհարկանի շինության կառուցման ինքնակամ աշխատանքներ։

«Ըստ ձեռքբերված բանավոր տեղեկատվության՝ Գ․ Մանուկյանի մահից հետո այդ հասցեում ինքնակամ շինարարական աշխատանքները նախաձեռնվել, կազմակերպվել են և իրականացվում են վերջինիս որդու՝ Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ, արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի կողմից»,- ասվում էր հաղորդագրության մեջ։

Հովհաննես Մանուկյանը ֆեյսբուքյան գրառումով փաստացի հերքել էր կապը տվյալ աշխատանքների հետ և հայտնել, որ հանձնարարություն է տվել իր փաստաբաններին համապատասխան հայց նախապատրաստել՝ «ակնհայտ զրպարտության և անհիմն, իրականությանը չհամապատասխանող հայտարարությունները հերքելուն պարտավորեցնելու պահանջի մասին»։

Հովհաննես Մանուկյանը դատարան է դիմել

Մանուկյանի ներկայացուցիչները 2022-ի հունվարի 7-ին հայց են ներկայացրել դատարան` ընդդեմ Երևանի քաղաքապետարանի և քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչության նախկին պետ Հովսեփ Կուբատյանի՝ պահանջելով զրպարտություն հանդիսացող տվյալները հերքել, պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասը փոխհատուցել: Մանուկյանը պահանջում է հերքել հրապարկումները, ինչպես նաև քաղաքապետարանից որպես փոխհատուցում բռնագանձել 3 մլն դրամ, իսկ Կուբատյանից՝ 2 մլն դրամ։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդուարդ Ամալյանը հայցադիմումը, սակայն, վերադարձրել էր հայցվորին, քանի որ վերջինիս կողմից չի պահպանվել մինչև դատարան դիմելը կողմերի միջև առկա վեճի կարգավորման օրենքով նախատեսված արտադատական կարգը։ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը, այնուամենայնիվ, մարտի 18-ին բեկանել է առաջին ատյանի դատարանի որոշումը և հայցադիմումը ընդունել է վարույթ։

Ինչ են փաստում փաստաթղթերը

Կադաստրի կոմիտեի տրամադրած՝ նշված հասցեի կադաստրային գործի ուսումնասիրությունից պարզվում է, որ այդ հասցեում գտնվող շինությունը սեփականության իրավունքով պատկանում է Հովհաննես Մանուկյանի հանգուցյալ հորը՝ Գերասիմ Մանուկյանին։ Նա մահացել է 2021-ի հոկտեմբերին։

Մանուկյանները շինությունը ձեռք են բերել երեք տասնամյակ առաջ՝ 1989-ին։ 2003-ին Գերասիմ Մանուկյանը տան մի մասը՝ 192 քմ մակերեսով, նվիրատվությամբ փոխանցել էր թոռնուհուն՝ Հովհաննես Մանուկյանի դստերը՝ Անահիտ Մանուկյանին։ Տան այդ հատվածը քաղաքապետարանի կողմից ստացել է Սայաթ-Նովա պողոտա 36 հասցեն։

2007-ին տան մյուս հատվածը բաժանվել է Գերասիմ Մանուկյանի (ծն․ 1940թ․) և Նինա Մովսիսյանի (ծն․ 1924թ․) միջև։

Գերասիմ Մանուկյանին պատկանող մասն ունի 295 քմ մակերես, իսկ Նինա Մովսիսյանինը՝ 144 քմ։ Թե ով է Նինա Մովսիսյանը, հայտնի չէ/ հնարավոր է՝ Գերասիմ Մանուկյանի կամ նրա կնոջ՝ Անահիտ Մովսիսյանի (ծն․ 1950թ.) մայրն է։

Շինարարությունը շարունակվում է

CivilNetCheck-ը մարտի կեսերին այցելել էր նշված շինարարության հասցե, որը է Սայաթ-Նովա 36 հասցեում գտնվող տան տակն է։ Տեղում ակտիվ շինարարական աշխատանքներ էին իրականացվում։

Ինչ է ասում քաղաքապետարանը

Քաղաքապետարանից CivilNetCheck-ին տեղեկացրին, որ ապօրինի շինարարությունը հայտնաբերվել է 2021-ի սեպտեմբերի 30-ին։ Օրեր անց քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունը Գերասիմ Մանուկյանին փոստի միջոցով հրավիրել է ենթադրյալ իրավախախտման վերաբերյալ բացատրություն կամ միջնորդություն ներկայացնելու, սակայն վերոհիշյալ ծանուցումը սեփականատիրոջ կողմից չի ստացվել, քանի որ Մանուկյանն արդեն ստացիոնար բուժման մեջ էր գտնվում։ Մանուկյանը մահացել է հոկտեմբերի 21-ին։

Ըստ քաղաքապետարանի՝ վերը նշված հասցեում այլ սեփականատեր չկա, սակայն սեփականատիրոջ ներկայացուցիչ է հանդիսանում Մարգար Սողոմոնյանը, որը Հովհաննես Մանուկյանի մյուս դստեր՝ Բելլա Մանուկյանի ամուսինն է և նախկինում՝ 2017-20 թթ․, եղել է Գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ։

Սողոմոնյանը քաղաքապետարանին գրավոր հայտարարություն է ներկայացրել, որ հասցեում իր կողմից շինաշխատանքներ չեն նախաձեռնվել և իրականացվել։

Քաղաքապետարանից հայտնում են, որ վարչության աշխատակիցների կողմից, ինչպես նաև ոստիկանության կողմից բազմաթիվ անգամ շինաշխատանքները կասեցվել են, կազմվել են արձանագրություններ:

CivilNetCheck-ը մեկնաբանության համար փորձեց կապվել Հովհաննես Մանուկյանի հետ, սակայն նամակը մնաց անպատասխան։ Կապ հաստատեցինք նաև Մանուկյանի ներկայացուցիչների հետ, սակայն նրանք ևս որևէ պարզաբանում չտրամադրեցին։

Մեկնաբանել