Հոգեբանական խնդիրն ակնհայտ էր

Հայաստանի ուժեղագույն ծանրամարտիկներից մեկը` 69 կգ քաշային կարգում հանդես եկող 22-ամյա Առաքել Միրզոյանը պոկում վարժությունում բարձրացրեց 148 կգ ծանրաձողը, իսկ հրում վարժությունում ձախողեց բոլոր երեք փորձերն ու զրո միավոր ստացավ: Լոնդոնի օլիմպիական խաղերում Հայաստանի կարևորագույն հույսերից մեկը չարդարացրեց սպասելիքներն ու ոչ մի մեդալ չնվաճեց:

Սակայն, այստեղ խնդիրը բոլորովին այլ է: Առաքելը պատրաստ չէր այս մրցմանը: Եթե պոկում վարժությունից հետո որոշակի հույս կար, որ նա կկարողանար հավաքվել և ինչ-որ արդյունք ցույց տալ, ապա պոկում վարժության առաջին իսկ փորձից հետո պարզ դարձավ, որ Առաքելն այսօր պատրաստ չէր մրցմանը: Պատճառների մասին դեռ կխոսենք, սակայն մի բան ակնհայտ է` մեր մարզիկը հոգեբանական խնդիր ուներ: Երեք փորձի ժամանակ էլ նա ծանրաձողը գոտկատեղից վերև չբարձրացրեց և անգամ չփորձեց էլ բարձրացնել:

Եվ ում են պետք այն հոգեբաններն, ովքեր, ըստ սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանի, 4 տարի աշխատել են մեր մարզիկների հետ և այժմ էլ Լոնդոնում օգնում են նրանց: Ո՞վքեր են նրանք, ի՞նչ աշխատանք են տանում և ինչո՞ւ է արդյունքն այսպիսին: Այս հարցերի պատասխանը կփորձենք վաղը ճշտել անձամբ նախարարից և ներկայացնել մեր ընթերցողի ուշադորությանը:

Հուսանք, որ վաղը Մելինե Դալուզյանը կկարողանա Հայաստանի առաջին մեդալը նվաճել Լոնդոնում և ուրախացնել հայ ժողովրդին:

Դե իսկ մրցաշարի հաղթող դարձավ չինացի Քինֆեն Լինը, ով երկամարտում ցույց տվեց 344 կգ արդյունք: 2-րդ տեղը զբաղեցրեց ինդոնեզացի Տրիյատնո Տրիյատնոն` 333 կգ, իսկ բրոնզե մեդալակիր դարձավ ռումին Ռազվան Մարտինը` 332 կգ:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել