Հարավային Օսիայի նախագահական ընտրություններում հաղթել է ընդդիմության առաջնորդը

Լուսանկարում՝ Հարավային Օսիայի նորընտիր նախագահ Ալան Գագլոևը. Լուսանկարը՝ VK սոցցանցից։

Շոթա Կինչա, Թաթա Շոշիաշվիլի, OC Media

Ընդդիմադիր «Նիխաս» կուսակցության նախագահ և անվտանգության ծառայությունների նախկին աշխատակից Ալան Գագլոևը Հարավային Օսիայի նախագահական ընտրություններում հաղթել է գործող նախագահ Անատոլի Բիբիլովին։

Մայիսի 8-ին կայացել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մինչ այժմ [մայիսի 10-ի [առավոտվա դրությամբ] հաշվել է քվեների 97%-ը, գործող նախագահը ստացել է քվեների 43%-ը, իսկ Ալան Գագլոևը՝ 54%-ը։

41-ամյա Ալան Գագլոևը «Նիխաս» կուսակցության ղեկավարն է 2020-ից։ Կուսակցությունը Հարավային Օսիայի խորհրդարանում ունի չորս մանդատ՝ ընդհանուր 35 մանդատներից։ Գագլոևը, որը նախկինում եղել է տեղի ԿԳԲ-ի նախկին աշխատակից, առաջին անգամ առաջադրվել էր նախագահի պաշտոնում 2017-ին, սակայն նա 10%-ից էլ քիչ ձայն էր հավաքել:

Հարավային Օսիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ընտրողները քվեարկել են Հարավային Օսիայի 76 ընտրատեղամասերում, ինչպես նաև Մոսկվայում, Սուխումում և Վլադիկավկազում: ԿԸՀ ղեկավար Էմիլիա Գագիևը հայտնել է, որ Գագլոևի երդմնակալությունը տեղի կունենա ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումից հինգ օր անց՝ այս շաբաթվա մեջ:

Բիբիլովը ընդունել էր պարտությունը և շնորհավորել Գագլոևին հաղթանակի կապակցությամբ այն պահին, երբ ԿԸՀ-ն հաշվել էր ձայների դեռ 18%-ը։ «Ինձ համար ժողովրդի ընտրությունը կասկածից վեր է։ Ես իմ խոսքի տերն եմ, ինչպես միշտ»,- ասել է Բիբիլովը։

Նախագահական ընտրությունների առաջին փուլը կայացել էր ապրիլի 10-ին։ Թեև թեկնածուներից ոչ մեկը չէր հաղթահարել 50%-ի շեմը, Բիբիլովը խորհրդանշական պարտություն էր կրել՝ մրցակցից հետ մնալով 4%-ով։ Մայիսի 9-ին Վրաստանը դատապարտեց ընտրությունների երկրորդ փուլը՝ հայտարարելով, որ այն խախտում է Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։

Հարավի և հյուսիսի միավորում

Թեև Հարավային Օսիայի քաղաքական բոլոր խմբերն առերևույթ մոսկվայամետ են և աջակցում են անջատված հանրապետության ինտեգրմանը Ռուսաստանին, Բիբիլովի վերջին հայտարարությունները՝ Ռուսաստանին Հարավային Օսիայի միացման շուրջ հանրաքվե անցկացնելու վերաբերյալ, միանշանակ չեն ընդունվել։

Նախագահի հայտարարություններից հետո Գագլոևը Բիբիլովին մեղադրել է վերամիավորման հարցը իր քարոզարշավն ուժեղացնելու համար շահագործելու մեջ։ Նա նաև մեղադրել է գործող նախագահին՝ Ռուսաստանի՝ «այս օրերին ավելի հրատապ խնդիրների» վրա կենտրոնացած ղեկավարությանը անհարմար դրության մեջ դնելու համար։

Ապրիլի 20-ին Գագլոևն կտրականապես մերժեց հանրաքվեի առաջարկը, որում ասվում էր, որ Հարավային Օսիայի բնակիչները քվեարկել են «Հյուսիսային Օսիայի հետ Ռուսաստանի կազմում վերամիավորվելու օգտին» դեռ 1992-ին: Նույնիսկ ընտրություններում պարտությունն ընդունելուց հետո Բիբիլովը հայտարարեց, որ «հանրաքվե տեղի կունենա», և որ բոլոր փաստաթղթերը հավաքվել և ներկայացվել են ԿԸՀ։

Ճանապարհ դեպի նախագահություն

Չնայած քվեարկության երկրորդ փուլը նախանշված էր հինգշաբթի՝ ապրիլի 28-ին, Հարավային Օսիայի Գերագույն դատարանը որոշեց չեղարկել այն՝ համաձայնեցնելով մի քանի հայցվորների հետ, որոնք վիճարկում էին, որ ընտրությունները պետք է փոխարենը անցկացվեն կիրակի: Ապրիլի 26-ին ԿԸՀ-ն ամսաթիվը տեղափոխեց մայիսի 8:

Կառավարության քննադատները պնդում են, որ հայցվորները գործում են Բիբիլովի հրահանգով և մեղադրում են նախագահին երկրորդ փուլից առաջ ավելի շատ ժամանակ շահելու փորձի մեջ։ Ավելի ուշ պարզվեց, որ բոլոր երեք հայցվորներն էլ գտնվում էին Հյուսիսային Օսիայում՝ Ալանիայում, և ստացել էին Հարավային Օսիայի քաղաքացիություն՝ իրենց դատական հայցը սկսելուց անմիջապես առաջ:

Բիբիլովը ջանացել էր թափանիվը թեքել իր կողմը` իր սկզբնական պարտությունից հետո էլ ավելի ակտիվ քարոզարշավ իրականացնելով: Սա ներառում էր Զատկի տոնին հինգ օրով անցակետերի բացում Ախալգորիի (Լենինգոր) բնակիչների համար (որոնց ճնշող մեծամասնությունը էթնիկ վրացիներ են) Վրաստանի կողմից վերահսկվող տարածքներով:

Փոխադարձ մեղադրանքներ

Մրցակիցները միմյանց դեմ դուրս եկան երեք հեռուստաբանավեճերում, ներառյալ թեժ լեզվակռիվները և ցուցադրական ելույթները, և նախագահական մրցավազքը խորհրդանշող բախումները: Բիբիլովը մրցակցին կոչ է արել տարբեր կետերում ստի դետեկտորի թեստ հանձնել և նույնիսկ Գագլոևին երեք կիլոմետրանոց վազքի մարտահրավեր է նետել։

Թեև թեկնածուներն այդպես էլ չհանդիպեցին մրցուղում, Բիբիլովը ընդունեց թմրամիջոցների հայտնաբերման թեստ հանձնելու Գագլոևի մարտահրավերը և հրապարակեց փաստաթուղթ, որը ենթադրաբար ապացուցում է, որ նա թմրանյութ է ընդունել ապրիլի 26-ին:

Ապրիլի 22-ի բանավեճերի ժամանակ գործող նախագահը Գագլոևին մեղադրել էր «հանցավոր աշխարհի հետ կապեր» ունենալու և նախագահ դառնալու դեպքում բանտից իր եղբորը՝ Ալեքսանդր Գագլոևին, ազատելու նպատակ ունենալու մեջ։

Ալեքսանդր Գագլոևը ձերբակալվել էր 2020-ի սեպտեմբերին՝ 2004-ից սկսած երեք սպանության և 2007-ին Ցխինվալիում «վրացական հատուկ ծառայությունների» հրահանգով ահաբեկչություն նախապատրաստելու մեղադրանքով։ Նորընտիր նախագահը պնդել է, որ իր եղբայրն անմեղ է։

Անատոլի Բիբիլովի ժողովրդականությունը կտրուկ անկում ապրեց 2019-ից, երբ քննադատները նրան մեղադրեցին Հարավային Օսիայի հողերը Վրաստանին «տանուլ տալու» մեջ։ Այն ժամանակ վրացական իշխանությունները նոր անցակետ էին կանգնեցրել Հարավային Օսիայի կողմից վերահսկվող Ցնելիսի (Ուիստա) գյուղի և Վրաստանի կողմից վերահսկվող տարածքի միջև անտառապատ բուֆերային տարածքում։

2020-ին ոստիկանական կալանքի տակ գտնվող Ցխինվալիի բնակիչ Ինալ Ջաբիևի մահից հետո Բիբիլովը բախվեց մեկ այլ քաղաքական ճգնաժամի։ Ջաբիևի մահը հանգեցրեց փողոցային բողոքի ցույցերի և ընդդիմության կողմից խորհրդարանի մի քանի ամիս բոյկոտի, ինչը զրկել էր օրենսդիր մարմնին քվորումից:

Բոլորովին վերջերս Բիբիլովը քննադատությունների թիրախում հայտնվեց այն բանից հետո, երբ Ուկրաինայում տեղակայված մի քանի հարյուր հարավօսական զինվոր վայր դրեց զենքը և վերադարձավ Ցխինվալի: Բիբիլովի քննադատները նրան մեղադրում էին զորքերի շահերը պաշտպանելու անկարողության մեջ, որոնցից մի քանիսը, ըստ Մեդիազոնայում հրապարակված ձայնագրության, դժգոհել էին ռազմական հրամանատարության անկազմակերպվածությունից, սխալ կառավարումից և ռեսուրսների սղությունից:

Նախագահը փորձեց կարգավորել խնդիրը՝ իր պաշտպանության նորանշանակ նախարար Վլադիմիր Պուխաևին ուղարկելով արևելյան Ուկրաինա՝ այնտեղ վերահսկելու հարավօսական կամավորներին: Պուխաևը պնդել է, որ իր առաքելությունն է ապահովել ռուս զինվորականների կողմից առաջնագծում գտնվող հարավօսական մարտիկների ինտեգրումը և հարգանքը նրանց նկատմամբ։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Մեկնաբանել