Ադրբեջանցի լրագրողին «դանակով սպառնացել են», որպեսզի դադարեցնի երեխայի սպանության հետաքննությունը

Այթեն Մամեդովան իր տանը հարձակումից հետո, լուսանկարը՝ Meydan TV-ի:

Այթեն Մամեդովան իր տանը հարձակումից հետո, լուսանկարը՝ Meydan TV-ի:

Իսմի Աղաև, OC Media

Ադրբեջանցի լրագրողը ասել է, որ իրեն դանակով սպառնացել են, որպեսզի դադարեցնի 10-ամյա աղջկա առևանգման և սպանության գործի հետաքննությունը։

Ըստ Այթեն Մամեդովայի՝ անհայտ անձը իր վրա հարձակվել է մայիսի 8-ի գիշերը վերելակում, երբ վերադառնալիս է եղել Բաքվում գտնվող իր բնակարան։

«Նա բռնեց պարանոցս և դանակը պահեց կոկորդիս։ Ասաց՝ «դու այդ գործի մասին չես գրի,- լրագրողներին պատմել է Մամեդովան,- Նա սպառնում էր դստերս, սակայն չէր ասում՝ ինչի համար»։

Հարձակումից անմիջապես հետո լրագրողը զանգահարել է շտապ օգնություն, քիչ անց դեպքի վայր են ժամանել ոստիկանները և Մամեդովայից հաղորդում վերցրել։ Հաջորդ օրը լրագրողը բուժզննում է անցել։

Մամեդովան ասել է, որ իրեն սպառնացել են Թովուզի շրջանի Դոնդար Գուշչու գյուղում 10-ամյա Նարմին Գուլիևայի առևանգման մասին հետաքննության համար։ Իշխանությունները երեխայի այրված մարմինը այդ գյուղում հայտնաբերել են 2020-ի հունվարին՝ նրա առևանգումից 47 օր անց։

Կիրակի Ադրբեջանի ներքին գործերի նախարարության խոսնակ Էլշադ Հաջիևը հաստատել է, որ նախարարությունը հետաքննում է լրագրողի վրա հարձակումը Քրեական օրենսգրքի 134-րդ հոդվածի համաձայն՝ սպանության սպառնալիք կամ առողջությանը ծանր վնաս պատճառելը։

Հարձակումը դատապարտել են միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները, Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը և Եվրոպայի խորհուրդը։

«Ես դատապարտում եմ երեկ երեկոյան ադրբեջանցի լրագրող Այթեն Մամեդովայի վրա հարձակումը, որի ժամանակ տղամարդը դանակը դրել է նրա կոկորդին և սպառնացել։ Ես կոչ եմ անում արագ և մանրակրկիտ հետաքննություն անցկացնել,- կիրակի Թվիթերի իր էջում գրել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Թերեզա Ռիբեյրոն։- Ահաբեկման այդպիսի զզվելի գործողություններն անընդունելի են։ Լրագրողները պետք է կարողանան անվտանգ կատարել իրենց աշխատանքը»։

Մամեդովայի վրա հարձակման առնչությամբ ադրբեջանցի մի խումբ լրագրողներ և խմբագիրներ դիմել են նախագահ Իլհամ Ալիևին և իրավապահ մարմիններին։

Միևնույն ժամանակ, մի խումբ ակտիվիստներ նախատեսում են մայիսի 14-ին խաղաղ երթ անել Բաքվի կենտրոնից դեպի ներքին գործերի նախարարության գլխավոր մասնաշենք՝ ի նշան ադրբեջանցի հայտնի գործիչների նկատմամբ բռնության և անպատժելիության դեմ բողոքի։