Հյուսիս-հարավի՝ Սիսիան-Քաջարան հատվածի մրցույթը երկարաձգվել է

Sisian Kajaran

Հովհաննես Նազարեթյան, #խոստումնացույց, #CivilNetCheck

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության փետրվարի 17-ի նիստում հայտնել էր, որ այդ օրը հայտարարվել է Հյուսիս-հարավ ավտոճանապարհի Սիսիան-Քաջարան հատվածի նախաորակավորման մրցույթը։ Փաշինյանն ասել էր, որ այն տևելու է 70 օր, որից հետո որակավորված ընկերությունները կարող են մասնակցել շինարարության աշխատանքների համար մրցույթին։

«Այս պրոցեսը պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մինչև տարեվերջ ամբողջությամբ ավարտենք արդեն գործնականում և մնա միայն իրագործման փուլը»,- հավելել էր Փաշինյանը։ Վարչապետը նկատել էր, որ նախագծի արժեքը մի քանի հարյուր միլիոն դոլար է և այդպիսով անկախ Հայաստանի ամենամասշտաբային ներդրումային ծրագիրն է։

Պարզվում է՝ մինչ օրս տեղի չի ունեցել նախարոակավորման փուլը։ Թեև մրցութի նախաորակավորման համար հայտերի ներկայացման վերջնաժամկետ նախապես սահմանվել էր ապրիլի 27-ը, սակայն ինչպես տեղեկանում ենք Տարածքային կառավարման նախարարությունից, ապրիլի 21-ին այն կրկին երկարաձգվել է շուրջ մեկուկես ամսով։ Նոր վերջնաժամկետ է սահմանվել հունիսի 9-ը։

Սիսիան-Քաջարան ճանապարհի մասին

Ճանապարհն ունի շուրջ 60 կմ երկարություն և կազմում է ամբողջ Հյուսիս-հարավ ավտոճանապարհի (560 կմ) մոտ 10 տոկոսը։ Դեռ 2021-ի սեպտեմբերին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնել էր, որ կառավարությունը մոտ 1 մլրդ դոլար կհատկացնի Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Սիսիան հատվածի կառուցման համար։

Ըստ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի՝ գործող Սիսիան-Քաջարան ճանապարհը միջինը ունի մոտ 50 կմ/ժ արագություն, իսկ նոր ճանապարհի կառուցմամբ՝ այն կկրկնապատկվի՝ հասնելով 100 կմ/ժ արագության, և այդպիսով շուրջ երկու ժամով կկրճատվի ճանապարհը։ Ծրագրի իրականացման համար նախատեսված է վեց տարի։

Ըստ Սանոսյանի՝ այն կլինի ամբողջովին նոր ճանապարհահատված։ Ընդհանուր շուրջ 60 կմ երկարություն ճանապարհն ունենալու է 4,7 կմ ընդհանուր երկարությամբ 27 կամուրջ և 12,5 կմ երկարությամբ ինը թունել։ Ամենաերկարը Բարգուշատի թունելն է, որն ունենալու է 8,6 կմ երկարություն։

Այս ճանապարհի կարևորությունը հատկապես մեծացավ 44-օրյա պատերազմից հետո, երբ Ադրբեջանի փաստացի վերահսկողության տակ անցան Գորիս-Կապան ճանապարհի որոշ հատվածներ։ Իսկ վերակառուցված այլընտրանքային ճանապարհն անցնում է Սյունիքի լեռնային հատվածներով, որոնք եղանակային պայմաններից կախված՝ դժվարացնանելի են դառնում։ Ճանապարհը հատկապես կարևոր է Հայաստան-Իրան բեռնափոխադրման համար։