Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցումից բացի միջանկյալ կայարան կկառուցվի նաև «Փեթակի» մոտ․ Ավինյան

Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցումից բացի նախատեսվում է նաև միջանկյալ կայարանի կառուցում «Փեթակ» առևտրային կենտրոնի հարևանությամբ։ Այս մասին հայտնում է նախկին փոխվարչապետ, Երևանի առաջիկա ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Տիգրան Ավինյանը։

«Ուրախ եմ հայտնել, որ առաջիկայում մայրաքաղաքում սպասվող լայնածավալ ծրագրերի շարքում են ոչ միայն նախկինում հայտարարված Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցումը, այլև ևս մեկ միջանկյալ կայարանի կառուցում «Փեթակ» առևտրային կենտրոնի հարևանությամբ և 250 նոր էլեկտրական ավտոբուսների ձեռքբերումը։ Այս ծրագրերը էապես վերափոխելու են Երևանի ողջ տրանսպորտային համակարգը և լուծելու են օդի աղտոտվածության՝ Երևանի համար լրջագույն դարձած խնդիրը»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Ավինյանը։

Նա տեղեկացնում է, որ մայիսի 10-ին ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի հետ հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Եվրասիայի տարածաշրջանի ենթակառուցվածքային ծրագրերի գծով տնօրեն Եկատերինա Միրոշնիկին և Կովկասի գծով տարածաշրջանային տնօրեն Կատարինա Հանսեին․ «Ի թիվս այլ հարցերի, քննարկեցինք վերոնշյալ ծրագրերի ֆինանսավորման հնարավորությունները»,- նշել է Տիգրենա Ավինյանը։

***

Կառավարության ապրիլի 28-ի նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ուղղությամբ քայլեր իրականացնելու մասին․ «Հայտարարվել էր մրցույթ կայարանի նախագծման վերաբերյալ, մրցույթի արդյունքներով կա հաղթող, և այսօր մենք քննարկում ենք արդեն ֆինանսավորելու հարցը, որպեսզի նախագծողը արդեն կոնկրետ մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագիծը պատրաստի, ինչը նշանակում է, որ մենք արդեն մտնում ենք շինարարության փուլ»,- հայտարարեց Փաշինյանը։

Ըստ վարչապետի՝ անհրաժեշտ գումարները տրամադրվելու են «Փարքինգ սիթի սերվիս» գործունեության հետ կապված քրեական գործի շրջանակում Երևան քաղաքին հասցված շուրջ 850 միլիոն դրամի վնասի փոխհատուցումից։ Առաջին փուլով նախագծմանը կուղղվի 750 միլիոնը։

Մեկնաբանել